Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես, ամենևին ցավ չզգալով, շուտով բաժանվեցան նոր հարձակում գործելու համար։

– Մերը կհաղթե,– ասաց տիրուհին մեծ պարոնին,– Արչիլի խոյը այս անգամ փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր։

– Այդ ձեր աչքերին այնպես երևաց, տիրուհի,– պատասխանեց Արչիլը, որ ավելի էր կատաղած, քան թե իր խոյը,– շուտով կտեսնենք, թե որը կհաղթե։

Այդ միջոցին խոյերը կատարեցին երրորդ հարձակումը և այնուհետ և նաղդաները[1] սկսեցին ավելի արագ և շուտ–շուտ կրկնվել։ Բայց երկու անասուններն ևս դեռ մնում էին անպարտելի։ Նրանք այժմ ավելի հեռանում էին միմյանցից, որպեսզի իրանց հարձակման թափը ավելի ուժգին, ավելի սաստիկ և ավելի սարսափելի լինի։

Բայց բազմության ուշադրությունը այժմ դարձավ դեպի մի ուրիշ կողմ։ Գետի եզերքից լսելի եղան խառնաձայն աղաղակներ․ «Խեղդվեցա՜վ... խեղդվեցա՜վ»...– գոչում էին հեռվից։

– Ո՞վ էլ կուզի խեղդվի, ես պիտի վերջացնեմ կռիվը,– ասաց մեծ պարոնը, նորից խրախույսներ տալով իր խոյին։ Բազմությունը սկսեց վազել դեպի գետի կողմը։ Բայց ազնվականները դեռ շրջապատել էին խոյերին և անհամբերությամբ սպասում էին կռվի վախճանին։

«Խեղդվեցա՜վ.․․ Թամարը խեղդվեցա՜վ..․– այժմ սկսեց պարզ լսելի լինել։

– Վա՜յ, սև հագնեմ․․․ Թամարը․․․– գոչեց տիրուհին, վազ տալով դեպի գետի կողմը։

Մի քանի քայլ հեռանալով, նրա ծնկները թուլացան և ընկավ գետնի վրա։ Բոլոր տիկինները, նրան նույն դրության մեջ թողնելով, շտապեցին դեպի գետեզրը։ Այժմ մեծ պարոնն էլ Արչիլի ու մյուս ազնվականների հետ փութացին օգնության հասնելու։

Գետը կատաղած էր։ Հարյուրավոր մերկ մարդիկ լողում էին պղտոր ալիքների մեջ և որոնում էին անբախտ աղջկա դիակը։ Ազնվականները ապշած, սարսափած, չգիտեին, թե ի՞նչ պետք էր անել։ Լևան թավադի որդին երեխայի նման լաց էր լինում։ Թամարի խորթ մայրը անիծում էր «անզգամին»։ Պառավ իշխանուհին աղոթում էր։ Մեծ պարոնը իր ձեռքի գավազանով ծեծում էր գյուղացիներին, հայհոյանքներ էր արձակում, հրամայելով, որ ջուրը

  1. Նաղդա նշանակում է անասունների ճակատ ճակաի խփելը