խոսում էին, թե օրիորդին բռնությամբ ցանկանում էին կնության տալ Lևանին, որին նա ատում էր, և հուսահատությունից մտածեց ջրախեղդ լինել։ Միևնույն ժամանակ ավելացնում էին, թե օրիորդը ծածուկ սիրում էր «մեկին», որի հետ ամուսնանալ չէր կարող. իսկ ո՞վ էր այդ «մեկը»,– ոչ ոք չգիտեր։
Թամարի հետ զբոսնող օրիորդները նույնպես այլ և այլ կերպով էին պատմում անցքը. մի քանիսը ասում էին, թե նա ինքն իրան գետը գցեց, մյուսները ասում էին, թե անզգուշությունից ընկավ։ Սալոմեն, որ նրա մոտ էր դժբախտությունը պատահելու րոպեում, պատմում էր, թե օրիորդը մոտեցավ գետեզրին, նայում էր ջրի վրա. հանկարծ գետեզրի այն մասը, որի վրա կանգնած էր նա, փուլ եկավ, և նա գլորվեցավ գետի մեջ։ Այd տեղը բավական բարձր էր ջրի մակերևույթից, երևում էր, որ տակից ջրով ողողված էր։ Նա ավելացնում էր, թե ինքն էլ անպատճառ միևնույն դժբախտությանը կհանդիպեր, եթե ուղիղ Թամարի մոտ կանգնած չիներ։
Սալոմեի պատմությունը ամենից ճիշտն էր և ավելի հավանական, մանավանդ, որ պատանի Դավիթը հաստատում էր միևնույնը։ Նա թաքցնելով նպատակը, որ բերեց իրան օրիորդների խումբի մոտ, մնացած պատմությանը այս ձևն էր տալիս․ թե ինքը թփերի մեջ որոնում էր մի ոչխար, որ այնօր կորել էր․ հանկարծ նրա ականջին հասավ օրիորդների արձակած ճիչն ու աղաղակը, վազեց դեպի այն կողմը. տեսավ Թամարի գետը ընկնիլը, իսկույն նետվեցավ ջրի մեջ․ նրան բռնեց ուղիղ այն ժամանակ, երբ տակավին ջրի տակը չէր խորասուզված և կարողացավ երկար պահել մակերևույթի վրա։ Եվ եթե չհաջողվեց իսկույն դուրս հանել, պատճառն այն էր, որ գետի այն տեղումը հոսանքը սաստիկ սրընթաց էր։
Ինքը Թամարը, երբ մի քանի օրից հետո բոլորովին ուշի եկավ, ոչինչ չէր հիշում, ոչինչ պատմել չէր կարողանում, թե ինչպես պատահեց իր հետ վտանգը։ Նա բախտավոր էր համարում իրան նրանով միայն, որ ազատվեցավ Դավթի ձեռքով, և այն օրից իր անձը համարում էր նրա սեփականություն, և այն օրից պատանին բոլորովին պաշտելի դարձավ նրան։
Մեծ պարոնը և նրա տիրուհին Թամարին պատահած դժբախտության առաջին օրը, միանգամայն զբաղված լինելով իրանց հիվանդով, բոլորովին մոռացել էին նրա ազատչին։ Երկրորդ օրը։ Թեև հիվանդը դեռևս իրան լավ չէր զգում, մեծ պարոնը իր դրանիկներից մեկին ուղարկեց կանչելու Դավթին։ Նրան գտան