– Չավելացան,– պատասխանեց տիրուհին հոգվոց հանելով.– Կեկելի աչքը քարը կծակե (նրա խոսքը պառավ իշխանուհու մաասին էր)– անցյալ տարի ոտը կոտրվեր ու այստեղ չգար, մտավ բակը, տեսավ երկու տասնից ավելի ճտեր բակումը ման էին գալիս. «Վո՛ւյ մե, ասաց, այդ ի՜նչ սիրուն ճտեր են». նրանից հետո խեղճ ճտերը մինը մյուսի ետևից սկսեցին սատկել։ Այդ միջոցին մեծ պարոնի մարդիկը ներս մտան, իրանց հետ բերելով Դավթին։ Պատանին համարձակ կերպով առաջ եկավ, և գլուխ տալով, կանգնեց փայտյա վանդակապատի առջև, որ բաժանում էր բակը սրահից։
– Աստված է վկա, լա՞վ տղա է երևում,– խոսեց Արչիլը, ոտքից գլուխ նայելով պատանուն։
– Հա՜յ է...— ասաց Լևանը, այնպիսի մի արհամարհական եղանակով, կարծես հայը լավ լինել կարող չէր։ Նրա սիրտը ծակում էր այն նախանձը, թե ինչո՛ւ այդ «հայը» կարողացավ ազատել Թամարին, իսկ ինքը ոչինչով չկարողացավ օգնել նրան։
– Հայ է, բայց ղոչաղ տղա է,– պատասխանեց տիրուհին, որին դուր չեկավ Լևանի նկատողությունը։
– Հայ էլ կա, հայ էլ կա. ամեն հայ խո մեկ չէ՞,– պատասխանեցին Զաքարա և Ալեքսի թավադի որդիները։ Նրանք միշտ միասին էին խոսում։ Իր խորհրդականների հիշյալ նկատողություններից մեծ պարոնը արդեն բավական նպաստավոր գաղափար կազմեց Դավթի վերաբերությամբ, և դառնալով նրան, ասաց.
– Դու մահից ազատեցիր Թամարին, Դավիթ, ասա′, ի՞նչ ես ցանկանում, որ ես տամ քեզ քո քաջության փոխարեն։
– Ես ձեր ողջությունն եմ ցանկանում, մեծ պարոն,– պատասխանեց պատանին սյունեցու համարձակությամբ։– Ես ինձ այսքանով ևս բախտավոր եմ համարում, որ կարողացա մի փոքրիկ ծառայություն անել իմ տիրոջը։ Մեծ պարոնի բոլոր խորհրդականները զարմացած միմյանց երեսին նայեցին։ Պատանու համեստ, խելացի պատասխանը բոլորին հաճո թվեցավ, բացի Լևանից։ Նրանք չէին կարող երևակայել, որ մի հայ, որ մի հովիվ ընդունակ լիներ այսպես խոսելու։
– Պահանջիր, որդի, ինչ որ ցանկանում ես, ես կտամ քեզ,– կրկնեց մեծ պարոնը։
Պատանին իսկույն չպատասխանեց։ Նա մտածում էր՝ չոքել իր տիրոջ առջև, նրա ոտները համբուրել և հայտնել նրան, թե ինքը