Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրովարտակների գրելու ձևը Գաբրիելը «Հայր մերի» նման անգիր գիտեր, հարկավոր էր միայն հարցնել անունը, հոր անունը, մնացածը նրան հայտնի էր։ Պատանի Դավթին կանչել տվին հոր անունը հարցնելու համար։ Այժմ լվացված, հագնված, զարդարված Դավիթը այլևս առաջվա հովիվ Դավիթը չէր։ Նա իր նոր հագուստի մեջ երևում էր մի վայելչահասակ, շնորհալի պատանի, որ իսկույն իր վրա դարձրեց բոլորի ուշադրությունը։

– Քրիստոս վկա, այդ տղան հենց մորից ծնված է թավադ լինելու համար,– գոչեց Արչիլը ծափահարելով։

Արչիլի ենթադրությունը սխալ չէր. Դավիթը իսկապես ազնվական ծագումից էր, թեև ինքը չգիտեր այդ։ Նա տոհմակից էր Սյունյաց երկրի Օրբելյանների հետ, բայց նրա հայրը աղքատանալով, հասարակ գյուղացիների կարգն էր ընկել։

Քարտուղարը մագաղաթի թերթը դրեց մի կտոր տախտակի վրա, և տախտակը դնելով իր ծնկի վրա, այսպիսով կազմվեցավ նրա գրասեղանը։ Սկսեց գրել։ Որքան և վարժ էր նա գրելու մեջ, այսուամենայնիվ, մի քանի ժամ տևեց, մինչև ավարտեց իր գործը։ Երբ բոլորովին պատրաստ էր, սկսեց կարդալ միևնույն ձայնով, միևնույն եղանակով, որպես կարդում էր նա եկեղեցում ավետարանը։ Հետո մագաղաթի թերթը իր թանաքամանի հետ դրեց մեծ պարոնի առջև։ Մնում էր կնքել նրան։ Մեծ պարոնը մատը թաթախեց թանաքամանի մեջ, նրանով մրոտեց իր մեծ, քառանկյունի կնիքը, որ մի թելով միշտ կախ տված ուներ գոտիից, և կնքեց հրովարտակի ճակատը։ Նրանից հետո ինքը քարտուղարը, Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները,– Վրաստանի այդ հինգ առաջնակարգ պետական մարդիկը,— վավերացրին իշխանական հրովարտակը իրանց կնիքներով։

– Եկ, զավակս,– ասաց մեծ պարոնը, դառնալով դեպի պատանին և մագաղաթի թերթը մեկնելով նրան.– բարով վայելես։

Դավիթը մոտեցավ, չոքեց մեծ պարոնի առջև և, նրա հագուստի դրոշակը համբուրելով, ընդունեց հրովարտակը։

ԺԲ

Ես համառոտ կերպով անցա իմ պատմության այն մասը, թե Վրաստան գալուց հետո որպիսի հանգամանքներ նպաստեցին Դավիթ Բեկին մտնել իր ասպարեզի այն շավղի մեջ, որ բնական