ճանապարհով տարավ նրան դեպի առաջադիմություն և մինչև վրաց մեծ պարոնի երկրորդականը լինելու բարձր աստիճանին հասցրեց նրան։ Այժմ կրկին վերադառնալով մեր վեպի ընդհատված տեղը, տեսնենք, թե ինչ կարգադրություններ արեց Դավիթ Բեկը իր բարեկամ Ստեփաննոսի նամակը ստանալուց հետո։
Նամակաբերի եկած գիշերվա առավոտյան պահուն Մխիթար սպարապետը, փաթաթված իր երկայն յափունջու մեջ, միայնակ դիմում էր դեպի Բեկի տունը։ Խուլ փողոցների մեջ ոչ ոք չէր երևում․ բոլորը անձրևի տարափից քաշվել, մտել էին իրանց խրճիթները։ Նա գնում էր մեծ անհամբերությամբ։ Բեկի արած խոստումը, թե առավոտյան կպատմե նրան Աղասու գալստյան «գաղտնիքը», սաստիկ հետաքրքրում էր նրան։ Ի՞նչը կարող էր բերել այդ սյունեցուն վրաց երկիրը, մտածում էր նա, ինչ գործ կարող էր ունենալ այդ ծածկամիտ երիտասարդը Բեկի հետ։ Եվ ինչու գիշերը, մինչ Բեկի բոլոր հյուրերը ուտում էին, խմում էին, ուրախանում էին, ինքը Բեկը այնպես տխուր էր և գտնվում էր, կարծես, մի տեսակ անհանգիստ մտատանջության մեջ։ Անպատճառ պետք է մի բան լինի և գուցե խիստ կարևոր բան, մտածում էր նա, փութացնելով իր քայլերը դեպի Բեկի տունը, և անցնելով ցեխով պատած փողոցների միջով։
Մխիթար սպարապետը բնիկ սյունեցի էր, տեղային մի հին, իշխանական տոհմից շառավիղած։ Նա Վրաստանում ոչ մի պաշտոն չուներ և ոչ կամենում էր ընդունել։ Թե ինչո՞ւ համար այդ երևելի վարատականը թողել էր իր հայրենիքը,– ոչ ոք չգիտեր։
Նրա կյանքի պատմությունը ծածկված էր խորին մթության մեջ։ Մցխեթում ապրում էր նա որպես մի օտարական հյուր և խիստ մոտ հարաբերություններ ուներ վրաց մեծ պարոնի հետ։ Նրա տարիքը քառասունևհնգից հազիվ անցած կլինեին։ Միջակ հասակով, թիկնավետ, բարեկազմ մարդ էր սպարապետը, առյուծի խրոխտալի դեմքով, որ ազդում էր նայողի մեջ երկյուղ և պատկառանք։ Նրա անունը այլապես չեն արտասանում մեր պատմագիրները, առանց ավելացնելու «քաջ» կամ «այր անպարտելի» խոսքերը։
Նա Բեկի տան բակում գտավ պառավ Քեթևանին, որ իր առաջակալի մեջ սիմինդրի հատիկներ լցրած, դնում էր դեպի ախոռատունը՝ հավերին կուտ տալու։
– Բարի լույս, Քեթևան,– ասաց նա, մոտենալով պառավին,– Բեկը քնա՞ծ է, թե վեր է կացել։
– Աստծու բարին ձեզ,– պատասխանեց պառավը, շվարած