Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Նստիր, շատախոս, համբերություն ունեցիր,– ասաց նրան սպարապետը, ձեռքիցը բռնելով և քարշ տալով դեպի թախտը, որի վրա ինքը նստած էր։– Ես զարմանում եմ, թե դու ինչպե՞ս ես համբերել քո մոր արգանդում։

– Հովնան մարգարեն ինչպե՞ս երեք օր մնաց ձուկի փորում, իսկ ես, կարծեմ, նրանից ավելի չեմ մնացել,– պատասխանեց նա, նույնպես ծիծաղելով և նստելով սպարապետի մոտ։

Բեկը դեռ ոտքի վրա էր. նա դարձավ իր հյուրերին, հարցնելով, թե չէի՞ն ցանկանա մի փոքրիկ նախաճաշիկ անել։

– Ես բոլորովին խումար եմ,– ասաց նրան իշխանը,– գլուխս տրաքում է այս գիշերվա շատ խմելուց, ինձ առաջ խումարությունից դուրս բերեք, հետո ինչ որ տալու լինեք, կուտեմ։

Բեկը ձեռքերը թափահարեց և նրա ծափ տալու ձայնից ծառան ներս մտավ։

– Մի շիշ արաղ տվեք մեզ,– հրամայեց ծառային։

– Ոչ, ոչ,– նրա խոսքը կտրեց իշխանը,— դրանց ձեռքով բերված արաղը ինձ խումարությունից չի հանի, թող այն քածերից մեկը բերե։

– Դու հավիտյան այսպես ջահել կմնաս...– նկատեց նրան սպարապետը փոքր ինչ կծու հանաքով։

– Ինչո՞ւ, պառավ ձին գարի չի՞ ուտի,– պատասխանեց իշխանը առանց վիրավորվելու։– Ես սրտով միշտ ջահել կմնամ և այդ ապրելու ամենախելացի եղանակն է կյանքի մեջ։

Այդ միջոցին Քեթևանի հարսներից մեկը, Դարոն, արաղի շիշը ձեռին մի փոքրիկ ֆինջանի հետ ներս բերեց։ Պարսից թագավորի «բաթման ղլիճը» ստիպեց նրան, որ իր ձեռքով լցնե ֆինջանը և իրան տա, Դարոն կատարեց հրամանը, և իշխանը մեծ ախորժակով խմելով, ասաց.

– Հիմա գլուխս կարգի կընկնի, խումարությունս անցավ։

Բեկը իր կողմից հրամայեց Դարոյին, որ նախաճաշիկի համար ձվածեղ պատրաստեն։ Երբ մանկահասակ կինը հեռացավ, Բայինդուր իշխանը բավական լրջամիտ դեմք ընդունելով, որ ամենևին սազ չէր գալիս նրան, դարձավ դեպի Բեկը, հարցնելով․

– Ես ինչ-որ բանի հոտ եմ առնում, դրուստն ասեցեք, ի՞նչ կա։ Այստեղ, վաղ առավոտյան, սպարապետը, քնահարամ եղած, եկել, նստել է, այնտեղ, ախոռատնում, մի սյուների անծանոթ երիտասարդ է պահված․ խոսեցնում ես, խոսեցնում ես, մի բառ անգամ չես կարող դուրս քաշել սատանայի լակոտի բերնից,