Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի ավելի դյուրություն ունենա շարունակելու իր երկարուձիգ խոսակցությունը։

– Ես,– ասում էր նա,– Դաղստանում այնպիսի անուն եմ ստացել, որ թե մեծը և թե փոքրը բոլորը իմ անունով են երդում ուտում։ Այստեղ միայն այդ անպիտան վրացիները չեն հարգում Սաքուլին։ Իսկ այնտեղ, Դաղստանի իմամի հետ, ես ծունկ ծնկի կպցրած եմ նստում։

– Այդ բոլորին հավատում եմ, Սաքուլ,– ասաց նրան Բեկը, դու այն ասա՛, թե իմամը ի՞նչ ազդեցություն ունի Դաղստանում։

– Այն ազդեցությունն ունի, որ եթե մատը բարձրացնելու լինի, ամբողջ Դաղստանը էշի նման կզռա։ Նրանից մեծ էլ ո՞վ կա այնտեղ։ Նա բոլոր լեզգիների թե հոգևոր և թե մարմնավոր գլուխն է։ Ամենքը աստծու նման պաշտում են նրան։

– Կռիվներ սիրո՞ւմ է։

– Եթե առաջարկեին ջրի տեղ արյուն գործածել, նա կընտրեր այդ վերջինը։

Այդ բոլորը, ինչ որ հարցնում է Բեկը, իրան ավելի լավ հայտնի էր, քան թե Սաքուլին, միայն նա կամենում էր գերեվաճառի կարծիքը հասկանալ։

– Այդ բոլորը շատ լավ,– առաջ տարավ Բեկը.– ուղիղն ասա′, Սաքուլ, դու հայոց ազգը, հայոց երկիրը սիրո՞ւմ ես։

– Այդ ի՞նչ հարցնելու բան է, հերօրհնած, իհարկե սիրում եմ,– պատասխանեց գերեվաճառը այնպիսի մի զարմացումով, որքան կզարմանար նա, եթե մեկը հարցնելու լիներ. «Դու այդ առջևդ դրած գինին սիրո՞ւմ ես», թեև գինու մասին նա ավելի պարզ, ավելի որոշ գաղափար ուներ, իսկ հայոց ազգի և հայոց երկրի մասին ոչինչ գաղափար չուներ։

– Ինչո՞վ ես սիրում,– հարցրեց Բեկը։

– Ինչո՞վ պետք է սիրեմ, իմ կյանքում ոչ մի անգամ հայոց պասը չեմ կերել, ես հայ եմ ծնվել, ինձ մկրտել են հայոց եկեղեցում. նույն եկեղեցում ամեն տարի հաղորդվում եմ ես. նույն եկեղեցում ես պսակվեցա, նույն եկեղեցին կտանեն իմ մարմինը, երբ կմեռնեմ, այնտեղ իմ մեղքերի համար պատարագ կմատուցանեն և այնտեղից քահանան կտանե ինձ թաղելու։ Հիմա տեսնո՞ւմ եք, ես որքա՞ն սիրում եմ։

Այդ սիրով այն աստիճան հափշտակվեցավ Սաքուլը, որ լցրեց գինու բաժակը և լուռ անուշ արեց, գուցե իր մտքում օրհնելով այն ազգի կյանքը, որին սիրում էր։