Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածության ընդունակությունը ավելի զորացնելու համար, բայց դարձյալ ոչինչ հնար ցույց տալ չկարողացավ։

– Իմ խելքումը ոչինչ չէ գալիս,– ասաց նա երկար մտածելուց հետո։

– Տեսնո՞ւմ ես, Սաքուլ, դու բավական խելացի մարդ ես, յոթը սատանայի չափ բան գիտես, բայց այդ հասարակ բանը չես հասկանում։

Բեկի հանդիմանությունը գերեվաճառի անհասկացողության մասին սաստիկ ծանր թվեցավ նրան, մանավանդ, երբ լսեց այն մեծ գովասանքը, թե նա «յոթը սատանայի չափ» բան գիտե։ Այդ բավական ազդեց նրա ինքնասիրության վրա, թե ինչո՞ւ ինքը անընդունակ գտնվեցավ Բեկին մի որևէ հնար ցույց տալու մեջ։

– Ես քեզ կսովորեցնեմ մի հնար, Սաքուլ,– ասաց նրան Բեկը։

– Ի՞նչ հնար։

– «Պետք է շունը շան հետ կռվացնել»։– Հասկանո՞ւմ ես այդ խոսքերը, Սաքուլ։

– Հասկանում եմ... բայց չգիտեմ ո՞ր շունը ո՞ր շան հետ պետք է կռվացնել։

– Ես քեզ կասեմ, սիրելի Սաքուլ։

Երբ խոսակցությունը հասնում էր այն կետին, որ Բեկը մոտենում էր իր նպատակին, նա գործ էր ածում «սիրելիս» բառը, որը սաստիկ դուր էր գալիս Սաքուլին, մանավանդ որ այդ բառը լսվում էր Վրաստանի առաջին պետական մարդու բերանից։

– Ասա, սիրելի Դավիթ, ո՞ր շունը ո՞ր շան հետ...– հարցրեց գերեվաճառը, իր կողմից ևս քնքշություններ գործ դնելով։

Բեկը ուշադրություն չդարձնելով նրա հանդգնության վրա, որ իրան թույլ էր տալիս այս աստիճան ընտանեկանություն, շարունակեց․

– Դու մի քանի րոպե առաջ ասացիր, թե Դաղստանի իմամի հետ լավ ծանոթ ես, թե նրա հետ ծունկ ծնկի տված ես նստում, այդպես չէ՞։

– Ուղիղ այդպես է, ինչպես ես ու դու նստած ենք։

– Ուրեմն դու ազդեցություն ունե՞ս նրա վրա։

– Ինչ որ ասելու լինեմ, խոսքս գետին չի գցի։

– Եվ իմամը Դաղստանում առաջին մա՞րդն է։

– Նրանից հետո միայն աստծուն են ճանաչում։

– Հիմա լսի′ր Սաքուլ,– շեշտեց Բեկը, գերեվաճառի ուշադրությունը դարձնելով իր վերջին խոսքերի վրա,– պետք է այդ