բան կարելի է սպասել։ Իսկ այդ ուխտագնացության պատրվակը կասկածի մեջ չի՞ ձգի մեծ պարոնին։
– Չկարծեմ, որովհետև Բեկը վաղուց խոսում էր ուխտագնացության մասին, իսկ մեծ պարոնը միշտ հետ էր գցում։ Առաջ նա սուրբ տեղերի անունով դիտավորություն ուներ ճանապարհորդել Հայաստան, նրա դրությունը անձամբ հետազոտել և հետո սկսել գործը, իսկ այժմ հանգամանքները շտապեցրին նրան։
– Այդ ե՞րբ։
– Դեռ մի տարի առաջ, երբ տակավին Սյունյաց աշխարհից այդ նամակները չէին ստացված։
– Զարմանալի ծածկամիտ մարդ է եղել այդ Բեկը․– ասաց իշխանը գչուխը շարժելով.– ես միչև այսօր հավատացած էի, որ նա ինձանից ոչինչ գաղտնիք չունի, բայց հիմա ուրիշ կերպ է դուրս գալիս։ Մի տարի առաջ նա մտածում էր մի խաբուսիկ ուխտագնացության վրա, իսկ այդ մասին դեռ ոչինչ չգիտեմ։
– Գուցե այժմս էլ ես և դու շատ բաներ չգիտենք, ինչ բաների մասին որ մտածում է նա,– պատասխանեց սպարապետը ժպտելով,– բայց պետք է հավատաք, որ նրա վարմունքները, ինչ տեսակ և լինեին նրանք, անկեղծ են և գործի օգտին են ծառայում։ Այս պատճառով, մենք նրանից խիստ պահանջող չպիտի լինենք, և պիտի բավականանանք այնքանով միայն, որքան որ նա հարկավոր է համարում մեզ հաղորդել։ Նրա ազնվությունը մեծ երաշխավորություն է, որ նա չի խաբի մեզ։– Կարծեմ դու ինձ հետ կհամաձայնվես, որ նա չափազանց ազնիվ մարդ է։
– Բոլորովին համաձայն եմ,– պատասխանեց իշխանը,– նա ավելի ազնիվ է, որքան հարկավոր է, որ մարդս լինի ազնիվ։
Րոպեական մտածությունից հետո հարցրեց նա,– իսկ այդ պարոնները ի՞նչ անունով պիտի գան մեզ մոտ։
– Դարձյալ ուխտագնացության անունով,– պատասխանեց սպարապետը։– Իբրև հայ, էջմիածին գնալու համար ոչ ոք նրանց մասին կասկած չի տանի։ Բացի դրանից, մի ուրիշ բան կա. այդ պարոնները թեև այստեղ զանազան պաշտոններ ունեն, բայց բոլորն էլ գտնվում են Բեկի հովանավորության ներքո և կազմում են նրա թիկնապահների խումբը։ Այս մտքով Բեկը շատ պատճառներ ունի նրանց իր հետ տանելու։ Իհարկե, նա իր պատվի ու աստիճանի համեմատ պիտի ունենա իր թիկնապահները, իր սվիտան, և քառասուն մարդը շատ չէ նրա համար։
– Իհարկե շատ չէ և ցանկացողները քառասուն մարդից ավել