չեն լինի,– ասաց իշխանը։– Բայց դու գիտե՞ս, թե ումը հանձնվեցավ Բեկի պաշտոնը։
– Արչիլին միայն առժամանակյա կառավարության համար,– պատասխանեց սպարապետը։– Բայց պետք է խոստովանած, որ Բեկը այդ մի քանի տարվա ընթացքում այնքան բարեկարգեց Վրաստանը, այնքան լավ կարգի գցեց նրա խանգարված գործերը, որ այսուհետև շատ հեշտ է կառավարել նրան, միայն թե կառավարիչները աշխատեին պահպանել այն, ինչ որ նա հիմնեց։ Բայց ես հավատացած եմ, որ նրա բացակայության ժամանակ կրկին ամեն ինչ տակնուվրա կլինի։
– Իսկ ի՞նչ կարգադրություններ արեց Բեկը իր կալվածների և գյուղերի վերաբերությամբ,– հարցրեց իշխանը։
– Ոչինչ, նա իր կալվածների մասին ամենևին չի էլ մտածում, բոլորը թողնում է։
– Վատ չէր լինի, եթե ծախեր, գուցե փողերը մեզ պետք կգային։
– Միևնույնը ես առաջարկեցի նրան,– ասաց սպարապետը,– բայց նա ինձ պատասխանեց, թե «պատերազմի գործը պետք է պատերազմով սնանվի»։
– Այսուամենայնիվ, սկզբում միջոցներ հարկավոր են։
– «Ինձ խիստ փոքր միջոցներ հարկավոր են գործը սկսելու համար, իսկ այդ միջոցներն ունեմ ես»,– ասում է Բեկը։– Եվ իմ կարծիքով, նրա անձնավստահությունը շատ ուղիղ է։ Կալվածների վաճառելը կարող էր միայն կասկած հարուցանել և փչացնել այն ծրագիրը, որ կազմել է նա։ Իսկ գործի սկսելու համար ես էլ համաձայն եմ նրա հետ, որ մեծ միջոցներ պետք չեն։ Ալեքսանդր Մակեդոնացիները, Լենկ–Թեմուրներր, Չինգիս–խաները իրանց հետ գանձ չէին ման ածում, այլ կերակրվում էին իրանց սրով։
– Բայց եթե մենք չգտնենք Հայաստանում այն նախապատրաստությունները, որ խոստանում են մեզ Սյունյաց աշխարհից ստացված նամակներով,– այն ժամանակ, կարծեմ, բանը կդժվարանա և փոքր միջոցներով մի նշանավոր գործ կատարել անհնարին կլինի,– ասաց իշխանը։
– Ես ավելի, քան թե դու, սիրելի Բայինդուր, սովորած եմ թերահավատությամբ վերաբերվել դեպի անակնկալ բախտի հաջողությունը,– պատասխանեց սպարապետը,– իսկ այդ գործում համոզված եմ, եթե Սյունյաց աշխարհում ոչինչ նախապատրաստություններ ևս չլինեն, մեզ դարձյալ կհաջողվի։ Դու քանի րոպե