Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունները այն քաջերի, որոնք իր հետ պիտի լինեն։ Մանրամասնաբար պատվերներ էր տալիս այն զգուշությունների մասին, որ պետք էր գործ դնել իրան ընդունելու ժամանակ, որպեսզի իր ներկայությունը Սյունյաց աշխարհում սկզբում բոլորովին գաղտնի պահվեր։ Նշանակում էր տեղը, ուր առաջ պիտի տեսնվեր «միմիայն» Ստեփաննոսի հետ, ապստամբության սկզբնական գործողությունների մասին խորհելու համար։ Որոշում էր օրը, որ նա պիտի սպասե իրան նշանակյալ տեղում։ Վերջացնում էր նամակը, հայտնելով, թե Սյունյաց աշխարհից ստացած եպիսկոպոսների, հոգևոր առաջնորդների, մելիքների և տանուտերների հանրագրի պատասխանը չգրեց, գլխավորապես այն պատճառով, որ այսքան անձինքների մեջ որևիցե խորհուրդ իբրև գաղտնիք պահպանել անհնարին էր։

Երբ կնքում էր նամակը, հանկարծ նրա ձեռքերը դողացին, և դեմքը սպիտակ կտավի նման գունաթափվեցավ։ Այս ժամանակ միայն նա մտաբերեց գեղեցիկ Թամարին։ Այդ նամակը վճռում էր նրանց միմյանցից անջատումը և գուցե հավիտյան անջատումը․․․ Հանկարծակի հարված ստացած մարդու նման սարսափելի խռովության մեջ ընկավ։ Նա, կարծես, տեսնում էր սիրած աղջկա արտասվալից աչքերը և լսում էր նրա աղաչավոր ձայնը. «Ո՞ւր ես գնում... ինձ ինչո՞ւ ես թողնում.․․ մի՞թե այդ էր մեր ուխտը..» մեր պայմանը...»

Նամակը մի կողմ դնելով, նա ձեռքը տարավ դեպի ճակատը, աչքերը ծածկեց իր մտածությունները ավելի ամփոփելու համար։ Ամբողջ տարիների ընթացքում պատահած անցքերի մի երկար շարք, իրանց տխուր և ուրախ գույներով, նկարվեցան նրա աչքի առջև։ Նա հիշեց այն թանկագին ժամերը, որ անցուցել էր Թամարի հետ, հիշեց այն անսահման սերը, այն քնքուշ, հրեշտակային մխիթարությունը, որով նա քաղցրացնում էր իր կյանքի դառնությունը օտար աշխարհի պանդխտության մեջ։ Եվ այդ սերը ավելի մեծ արժեք ուներ նրա համար գլխավորապես այն պատճառով, որ նազելի, իշխանական օրիորդը սիրեց նրան իր վիճակի ամենաթշվառ ժամանակում, երբ ինքը մի աննշան հովիվ էր, երբ նրա սպասավորը լինելու արժանավորություն չուներ։ Իսկ այժմ իր փառքի ամենաբարձր աստիճանին հասած, երբ կարող էր բախտավորացնել Թամարին, թողնել նրան, գնալ, և գուցե հավիտյան բաժանվել նրանից,– այդ ծանր էր, սաստիկ ծանր մի զգայուն սրտի համար, որպիսին էր Բեկի սիրտը։ Ի՞նչ ասել,