մտահուզության մեջ նայում էր ճրագի ճաճանչներին, թե որպես նրանք, իր աչքերը ամեն մի բացուխուփ անելու ժամանակ, զանազան ձևեր էին ստանում։ Նրա անկողնի մոտ լուռ կանգնած էր իր մտերիմ աղախինը՝ Կատոն, և անհամբերությամբ սպասում էր, մինչև օրիորդը քնե, որ ինքն էլ գնա հանգստանա։
– Կատո,– դարձավ նա դեպի աղախինը,– այդ ի՞նչ է պատահել, քանի օր է Բեկը չէ երևում։
Կատոն, որի միջնորդությամբ կատարվում էին երկու սիրահարների գաղտնի տեսությունները, ոչինչ գտավ պատասխանելու։ Օրիորդի հարցումը բավական անակնկալ եղավ, և աղախինը ամենևին նախապատրաստված չէր մի հարմար պատասխան հորինելու, որպեսզի իր տիրուհուն իսպառ չվհատեցնե։
– Ինչո՞ւ չես խոսում, Կատո, քեզանից բան եմ հարցնում,– կրկնեց օրիորդը։
Աղախինը կմկմաց և դարձյալ ոչինչ չկարողացավ խոսել։ Այդ ավելի շարժեց օրիորդի կասկածը, և նա գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից, նստեց անկողնի վրա։ Ճրագի լույսը այժմ ուղիղ ընկավ նրա գունաթափ երեսի վրա, որ մասամբ սքողված էր գլխի սև մազերով, որոնք խիտ հյուսերով թափվել էին նրա կիսաբաց կուրծքի և թիկունքի վրա։
– Կատո, ինչո՞ւ չես խոսում, ուղիղն ասա′, ի՞նչ է պատահել.– դարձյալ հարցրեց օրիորդը այնպիսի մի ձայնով, կարծես ինքը ավելի վախենում էր այն պատասխանից, որ պիտի տար աղախինը։
– Չե՞ք լսել, նա գնում է...– պատասխանեց Կատոն, մտածելով, որ իր աղջիկ պարոնին երկար անգիտակցության մեջ պահելը ավելորդ էր այնուհետև։
– Գնո՞ւմ է...– գոչեց օրիորդը սարսափելով.– գնո՞ւմ է առանց ինձ տեսնելու, առանց ինձ մի խոսք ասելո՞ւ... ո՞ւր է գնում... ե՞րբ է գնում...
Խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով։ Նա երեսը ծածկեց բարձի վրա, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Շվարած Կատոն չգիտեր ինչ անել, ինչով մխիթարել նրան։ Նա մոտեցավ, աշխատում էր հանգստացնել նրան այս խոսքերով։
– Մի՛ լաց լինիք, ցավդ առնեմ, Թամար, նա իր երկիրը ուխտ է գնում, շուտով կվերադառնա։ Նա առանց ձեզ տեսնելու, առանց ձեզ հետ խոսելու չի գնա։ Հենց այսօր, ճաշին, մեծ պարոնի սենյակից դուրս գալու ժամանակ ինձ ասաց, «Կատո,