Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարավային կողմից ապստամբվեցան Լորիստանի և Խուժիստանի թափառական ցեղերը։ Միևնույն ժամանակ Մասկադի իմամը հարձակվեցավ Պարսից ծոցի կղզիների վրա և տիրեց նրանց։ Արևմտյան կողմից լեզգիների Ղազի–Ղումուխ ցեղի գլխավորը՝ Սուրխեյ–խանը, կովկասյան անթիվ լեռնաբնակներով հարձակվեցավ Շիրվանի վրա, տիրեց Շամախին և անցավ մինչև Սևանա լիճը, կոտորելով ժողովրդի մեծ մասը։ Ի լրումն այդ բոլոր դժբախտությունների, արևմտյան Պարսկաստանի մայրաքաղաք Թավրիզը ենթարկվեցավ երկրաշարժության և բնակիչների մեծ մասը ոչնչացավ։

Պարսկաստանը իր օրհասականի մեջն էր։ Երկնքի վրա հայտնվող զանազան երևույթներ գուշակել էին տալիս շահի աստղագետներին, թե այդ պետության վախճանը հասել է։

Հիշյալ ներքին և արտաքին խռովությունների միջոցում, 24 տարեկան Միր–Մահմուդ–խանը, 20,000 ավղանական զորքով, Ղանդահարից արշավեց դեպի Պարսկաստան՝ այդ համարյա անիշխանության ենթարկված պետությունը տիրելու համար։ Նա արդեն գտնվում էր Սպահանից մի երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա, բայց անհոգ Շահ–Հյուսեինը տակավին ոչ մի զորեղ միջոց ձեռք չէր առել թշնամու առաջը կտրելու համար։ Սա բավականացավ նրանով, որ մարդիկ ուղարկեց Մահմուդի մոտ, առաջարկելով նրան մեծ գումար, որ թողնե պարսից երկիրը և վերադառնա իր տեղը։ Բայց հպարտ Մահմուդը, ուշադրություն չդարձնելով շահի առաջարկությանը, շարունակեց իր արշավանքը։ Այն ժամանակ միայն շահը ուղարկեց նրա առջև իր զորքերը, երբ թշնամին կանգնած էր Սպահանից երեք մղոն հեռավորության վրա։ Գյուլնաբադի ճակատամարտի մեջ պարսից զորքերը սաստիկ ջարդվեցան, և մնացածները փախչելով, մտան քաղաքը։ Ավղանները պաշարեցին քաղաքը, որ տևեց մի քանի ամիս։ Բոլոր ուտեստները սպառվելով, բնակիչները սկսեցին ուտել հին կոշիկների կաշի, ոսկորներ և մինչև անգամ փեհին: Մի տղա, կտրելով սովից մեռած քրոջ ստինքը, կերավ։ Այդ ժամանակ շահը դեսպաններ ուղարկեց Մահմուդի մոտ այս խոսքերով․ «Կտամ քեզ 100,000 թուման փող, Խորասանի և Քիրմանի նահանգները,– իմ աղջիկն էլ կտամ քեզ, միայն ե՛կ հաշտվենք և կապրենք միասին, ինչպես հայրը որդու հետ։– Ա՛ռ այդ բոլորը և հեռացիր իմ քաղաքից»։ Մահմուդը այդ պայմանների հետ չհամաձայնվեցավ։– «Գնա, հայտնիր քո թագավորին, ասաց նա դեսպանին,– դու տալիս ես