Մադրասի, Կալկաթայի, Բոմբայի, Սինգապուրի մեջ Շահ–Աբաս մեծի մահից հետո։ Ամեն տեղ նրանք առևտուր ունեին ոչ միայն ժողովրդի հետ, այլ գլխավորապես ժողովրդի իշխողների հետ, որոնց ձեռքում հավաքվում էր երկրի հարստությունը որպես հարկերի փոխանորդ։ Բիրմանիայի ալմազը, որ սեփականություն էր միայն թագավորի, ծախվում էր հայերի ձեռքով։ Պարսկաստանի մետաքսը, որ ստանում էին թագավորները, բոլորը հայերի ձեռքով էր տարվում դեպի Եվրոպա։ Անդադար հարաբերություններ ունենալով թագավորների և զանազան երկրների իշխանների հետ, հայերը այն աստիճան մտերմացել էին նրանց հետ, այն աստիճան հավատարմություն էին գտել նրանց մոտ, որ ծանոթ էին նրանց բոլոր թույլ կողմերին, գիտեին նրանց բոլոր գաղտնիքները։ Այդ առիթ էր տալիս հայերին երբեմն մեծ դերեր խաղալ արևելքի իշխողների միմյանց հետ ունեցած հարաբերությունների մեջ, մանավանդ որ այդ իշխողները նրանց փողին, խելքին և օգնությանը միշտ կարոտություն ունեին։ Պետրոս մեծի արծվի աչքերից չէր կարող աննկատելի մնալ այդ իրողությունը և նա աշխատեց իր ձեռքը ձգել հայերին–արևելքի այդ ամենահարմար բանալին։
Հայերը ցույց էին տալիս ամեն տեսակ պատրաստականություն մեծ թագավորի մեծ նպատակները իրագործելու համար։ Բաքուն և Կասպից ծովի հարավային եզերքի վրա գտնված պարսկական երկրները– Ռաշտը, Գիլանը, Մազանդարանը,–այդ կիտրոնիների, ձիթենիի, մետաքսի և վարդենիների աշխարհը տիրեց նա գլխավորապես հայերի առաջնորդությամբ։ Հայերը նրա պիոները դարձան ամեն տեսակ գործողությունների մեջ։ Հաշտարխանում նստած էր որպես հայոց հոգևոր առաջնորդ, բայց իսկապես որպես ռուսաց պատերազմական գործակատար, Մինաս վարդապետը[1]։ Նրա հավատարմատարը՝ Պետրոս Դի-Սարգիս Գիլանենց հայազգին[2] նստած էր Ռաշտում և Պարսկաստանի ու առհասարակ
- ↑ Մինաս վարդապետը Հնդկաստանցի նշանավոր հայ իշխան Իսրայել Օրիի հետ գնաց Ռուսաստան դեռ 1701 թվականին և մասնակցում էր ռուսաց կառավարության հայոց ժողովրդի հետ ունեցած բանակցությւոնների մեջ։ Վերջը նա ստացավ Ռուսաստանում բնակվող հայերի արքեպիսկոպոսությունը
- ↑ Պետրոս Դի-Սարգիս Գիլանենցի ընդարձակ և խիստ հետաքրքիր օրագրությունը, որ կազմված էր 1722 և 1723 թվականներում, պրոֆեսոր Ք․ Պատկանյանը 1870 թվականին հայերենից ռուսերեն թարգմանելով, ներկայացրեց գիտական պրոֆեսորի ծանոթություններով և կցած է սկզբին ընդարձակ պատմական ներածություն թարգմանչի կողմից։