Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մեր հույսը դրել ենք նրա վրա։ Մենք նրա մարդիկն ենք։ Եթե նա աստուծո օգնությամբ կգա դեպի մեր կողմը, մենք կմիանանք նրա հետ և կկատարենք բոլորը, ինչ որ նա մեզ կհրամայե։ Բայց եթե, աստված մի արասցե, մեծ կայսրը չի գա մեր կողմերը, և ոչ մի կարգադրություն չի անի մեր մասին, և կմոռանա իր խեղճ ծառաներին, այն ժամանակ մենք կցրվինք ամեն մեկս դեպի մի կողմ։ Իսկ պարսից շահը թող չերևակայե, որ մենք երբևիցե կխոնարհվենք նրան»[1]։

Ամենքը հավատացած էին, որ Պետրոս մեծը հաստատ դիտավորություն ունի Ղարաբաղի և Արարատյան աշխարհի հայերին ազատել պարսից լծից և նրանց անկախություն շնորհել։ Բանակցությունները հայոց ժողովրդի և ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի հայազգի իշխան Իսրայել Օրիի միջնորդությամբ, դեռ այն ժամանակ, երբ տակավին Սպահանը առնված չէր ավղաններից։

Երբ Պետրոս մեծը ուղարկեց Սպահան պարսից Շահ-Հյուսեինի մոտ մի դեսպանություն, այդ Իսրայել Օրին դեսպանախմբի գլխավորն էր։ Դեռ դեսպանությունը պարսից մայրաքաղաքը չէր հասած, Շամախու խանը հաղորղեց շահին, թե այս կողմերում տարածվել են կարծիքներ, թե այդ Օրին պիտի վերականգնե հայոց թագավորությունը, թե ժամանակը հասել է, որ հայերը պիտի ազատվեն պարսից իշխանությունից։ Այդ տեղեկությունները մեծ տպավորություն գործեցին Սպահանում. պարսիկները սաստիկ վրդովվեցան, իսկ տեղային հայերի ուրախությանը չափ չկար։ Շահ-Հյուսեինին հայտնի լինելով Պետրոս մեծի պատերազմական ձգտումները, մոլեռանդ մոլլաների խորհրդով, մինչև անգամ չէր կամենում ընդունել այդ քրիստոնյա դեսպանությունը։ Բայց կայսրի անունը այն աստիճան սարսափ էր տարածել Պարսկաստանում, որ շահը ակամա ընդունեց դեսպանությունը։ Այդ օրից Հայաստանի անկախության խնդիրը միօրինակ զբաղեցնում էր ամեն կողմերում տարածված հայերին։

Սպահանի և Հնդկաստանի հայերը, թեև հեռու էին հայրենի երկրից, բայց այնքան ոգևորված էին իրանց եղբայրների ազատության գաղափարով, այնքան մեծ էր նրանց բաղձանքը անկախ Հայաստան տեսնել, որ պատրաստ էին հանձն առնել ամեն տեսակ զոհողություններ։ «Դուք, գրում էին նրանք Սյունյաց աշխարհի

  1. Օրագրություն Պետրոս Դի-Սարգիս Գիլանենցի։