Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված է


խոստումների վրա, որ դու արել էիր ինձ քո նամակների մեջ։ Այսուամենայնիվ, ես պետք է շնորհակալ լինեմ քո հնարագիտության համար, Ստեփան, դու ցանկանում էիր, որ ես իմ հայրենիքումը լինեմ,– ահա այստեղ եմ։

Վերջին խոսքերի ժամանակ նա բռնեց իր բարեկամի աջը և համակրությամբ սեղմեց։

– Վհատելու ոչինչ չունենք,– ասաց երիտասարդ իշխանը ես դարձյալ քեզ համար գունդեր կկազմեմ, ինձ հարկավոր էր միայն քո այստեղ ներկայությունը,– և այդ բավական է ժողովուրդը ոտքի կանգնեցնելու համար։

Այդ խոսքերը այնպիսի մի զգացմունքով արտասանեց նա, որ սաստիկ ազդեց Բեկի սրտին։ Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը կրկին պայծառացավ և նրա զգայուն հոգին լցվեցավ անսահման ուրախությամբ։ Նա տեսնում էր իր առջև մի եռանդոտ երիտասարդ, որ այնքան անկեղծ և ջերմ սրտով նվիրված էր հայրենիքի փրկության գործին և դրանով մխիթարվում էր։

– Ես ամենևին չեմ վհատում, Ստեփան,– ասաց նա,– որ այստեղ չգտա այն, ինչ որ սպասում էի։ Ես դարձյալ ուրախ եմ, որ իմ հայրենիքում գտնում եմ գոնե մի բարեկամ, որ համակրում է ինձ։

– Մի մարդով ոչինչ չի դառնա։

– Այդ մի մարդը կդառնա հարյուր, իսկ հարյուրը – հազարներ։

– Ես քեզ ասեցի, որ իմ առաջուց կազմած ծրագիրը փոխեցի արդեն,– շարունակեց նա այժմ ավելի համոզիչ եղանակով։– Ես հույս ունեի, որ այստեղ կգտնեմ բազմաթիվ պատրաստի ուժեր, որոնց գլուխը անցնելով, կսկսեմ գործը։ Այժմ հանգամանքները փոխվեցան, ես էլ ստիպված եմ փոխել իմ ձեռնարկության ձևը։ Ես այժմ գործը փոքրով կսկսեմ և դրա համար բավական մարդիկ ունեմ։

– Քառասուն հոգի միայն...– ընդհատեց իշխանը ծիծաղելով

– Սկսելու համար քառասուն հոգին փոքր չէ,– ասաց Բեկը վստահությամբ։

– Եթե դու կսպասեիր, ես մի քանի օրվա մեջ մի քանի գունդեր կպատրաստեի։ Դարձյալ կրկնում եմ իմ խոսքը։

– Այժմ գունդեր ամենևին պետք չեն: Մարդիկների բազմությունը կծանրաբեռնե ինձ։ Մեր գունդերը ինքնըստինքյան կկազմվեն