մելիքներից մեկը, Դուզախի Մելիք–Եգանը, որ հետո կոչվեցավ մելիք-Ավան-խան[1], գերիշխանություն ուներ մյուսների վրա։ Նրա գլխավոր դաշնակիցն էր Ավան–Միրզան[2], որ բնակվում էր իր անմատչելի ամրոցում, որ գտնվում էր այժմյան Շուշի քաղաքի մոտ և մինչև այսօր կոչվում է Ավանի քերծ (Ավանի ժայռ)։
Ավան–Միրզան մեր պատմության մեջ հայտնի է անունովս Հովհաննես իշխան։ Նրան երբեմն կոչում են գուգարացոց, երբեմն ուտեացոց, իսկ երբեմն իր բերդի անունով կոչում են Մեծ–Սղնախի իշխան, որովհետև իշխում էր զանազան տեղերում, ուր իր սուրը հաջողություն էր գտնում։ Նա չափազանց խիստ, կամակոր և հպարտ մի անձնավորություն էր, իր մեջ կրում էր արկածախնդիր ասպետի բոլոր հատկությունները։
Իր թշնամիներին սարսափի մեջ պահելը – գլխավոր պայմանն էր նրա զորության։ Ահա այդ հերոսից գլխավորապես օգուտ քաղեց Մելիք–Ավան–խանը (Մելիք–Եգանը) իր մեծ ձեռնարկությունների մեջ։
Լինելով գլուխ հինգ դաշնակցական մելիքությունների, Մելիք-Ավան-խանը միացրել էր ամբողջ Ղարաբաղը (Փոքր-Սյունիքը կամ Արցախը) և այսպիսով կազմել էր մի ահագին ուժ։ Երբ ռուսները տիրեցին Դերբենդը և թաքուն, նա սկսեց իր դաշնակից Ավան–Միրզայի հետ բանակցություններ անել Պետրոս մեծի հետ, առաջարկելով կայսրին իրենց ծառայությունը, և խնդրելով նրա հովանավորությունը պարսից լծից ազատվելու համար։ Այդ է պատճառը, որ այդ երկու նշանավոր իշխանների անուններին մենք հաճախ հանդիպում ենք ռուսաց հին ակտերում։
Այդ երկու Ավանները[3], որպես երկու հզոր հսկաներ, ամենայն եռանդով աշխատում էին իրանց հայրենիքի վերածնելության գործում, մեկը, իբրև հանճարեղ քաղաքականագետ, մյուսը, իբրև քաջ պատերազմող։
- ↑ Մելիք-Եգանը Նադիր-շահին մատուցած իր մեծ ծառայությունների համար նրանից ստացավ խանության աստիճան և կոչվեց Մելիք–Ավան–խան։ Իսկ հետո ռուսաց Աննա Իվանովնա կայսրուհու ժամանակ իր ընտանիքով գնաց Ս. Պետերբուրգ, փառավոր ընդունելություն գտավ ռուսաց արքունիքում և գեներալ–մայորի աստիճան ստացավ։
- ↑ Միրզա բառը պարսից լեզվում, երբ իրրև ածական հատուկ անունների վերջն է գրվում, նշանակում է իշխան, պրինց, այդ ածականը տալիս են արքայազուններին միայն։
- ↑ Ավան, Եգան, Օհան բառերը Հովհաննես հատուկ անվան աղճատվածներն են սյունեցիների բարբառում