Երբ նա շապկի թևքերը վեր ծալած լվացվում էր, այդ ժամանակ կարելի էր նկատել նրա սպիտակ պարանոցի վրա, ետևի կողմից, մի վարդագույն սպի, որ առաջ էր եկած սրի հարվածից։ Այդ սպին կրում էր նա այն ժամանակից, երբ դեռ իրան չէր նվիրել կուսակրոնության։ Այդ սպիի հետ կապված էր նրա կյանքի ամենատխուր պատմություններից մեկը...
Նա հագավ իր վանականի հագուստը և դիմեց սրբազանի խուցը։ Անցնելով վանքի մոտից, նկատեց, որ առավոտյան ժամերգությունը դեռ ավարտված չէր։ Ներս չմտավ, միայն համբուրեց վանքի դուռը, երեսը խաչակնքեց և անցավ։
— Նստիր, Խորեն հայր սուրբ,— ասաց սրբազանը, նրան տեղ ցույց տալով փոքրիկ թախտի վրա, որ դրած էր նրա խցում և ծածկած պարսկական գորգով։ Իսկ ինքը տեղավորվեցավ գրասեղանի հանդեպ, որի վրա դիզած էր թղթերի մի կույտ։ Ամբողջ գիշերը նա անքուն էր մնացել և գրել էր այդ թղթերը։ Այժմ մեկ–մեկ վեր էր առնում, խնամքրվ ծալում էր և նրանց նամակի ձև տալով, կնքում էր, գրում էր հասցեները։ Նա դարձավ դեպի վարդապետը ասելով.
— Խորեն հայր սուրբ, այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղարկվեն, աշխատեցեք մեր ծառաներից այնպիսիներին ընտրել տանելու համար, որ համ սրտումը քաջություն ունենա, համ գլխումը խելք։
Վարդապետը նայեց հասցեներին, նամակները գրված էին Սյունյաց աշխարհի նշանավոր իշխանների և մելիքների անուններով։
— Դուք արդեն հրավիրո՞ւմ եք նրանց,— հարցրեց վարդապետը հետաքրքրությամբ։
— Հրավիրում եմ... «Բեկը» արդեն հայտնվել է...— պատասխանեց սրբազանը։
Այս խոսքը այն աստիճան ուրախություն ազդեց երիտասարդ աբեղայի մեջ, որքան չէր ուրախանա մի բարեպաշտ իսրայելացի, եթե նրան ասեն, «Մեսիան հայտնվել է, որ պիտի վերանորոգե քանդված Երուսաղեմը և պիտի վերականգնե Դավթի թագավորությունը»։
— Այս գիշեր լավ տեղեկություններ ստացա, Խորեն հայր սուրբ, Բեկը հասել է արդեն Սիսիան. այնտեղ Ուչ-Թեփեի դաշտավայրի վրա զարկել է Կարա–չոռլուների ցեղը. մեծ հաղթություն է գործել, ամբողջ Սիսիանը սարսափի մեջ է. թուրքերը թողնելով