Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանց գյուղերը, փախչում են դեպի լեռները։ Տեղացի հայերը տեսնելով Բեկի փառավոր հաղթությունը, հավաքվում են նրա դրոշի տակ։ Այժմ մոտ 500 ձիավոր ունի, բոլորը ամենաընտիր տղամարդիկ։ Բայց գիտե՞ք քանի հոգով կատարեց նա իր առաջին հաղթությունը,— իր հետ Վրաստանից բերած քառասուն հոգով։

— Այդ հրա՜շք է, կատարյալ հրաշք,— բացականչեց երիտասարդ աբեղան և ուրախությունից չգիտեր ինչ անել։

— Այո՛, հրաշք է, և մի այդպիսի հրաշք պետք էր։ Կույր ժողվուրդը միշտ հրաշք է պահանջում. նա սեփական հավատ չունի։ Հիսուս Քրիստոսը քանի որ խոսքերով էր քարոզում, ոչ ոք չէր լսում, բայց երբ սկսեց հրաշքներ գործել, ժողովուրդը հետևեց նրան։ Այսպես էլ Բեկը իր հետևողներն ունեցավ. հաղթության հենց մյուս օրը հավաքվեցան նրա մոտ ավելի քան չորս հարյուր ձիավորներ։

— Այդ տեղեկությունները ումի՞ց ստացաք։

— Իշխան Ստեփաննոս Շահումյանից։ Կարող եք կարդալ նրա նամակը, որ ստացա բանակից։

— Սրբազանը տվեց նրան մի նամակ, որ գրված էր շտապ ձեռքով։

Նամակի մեջ նկարագրված էր Ուչ–թեփեի արշավանքի մանրամասները, թե ի՛նչպես Բեկը գիշերով հանկարծ հարձակում գործեց Կարա–չոռլուների վրա, և որպես նրանք խռովության մեջ ընկան, կարծելով, թե զորքերի ահագին բազմության հետ գործ ունեն, այդ պատճառով մեծ մասը իրանց չադրները ու անասունները թողնելով փախան, իսկ նրանք, որ ընդդիմադրություն գործեցին, սաստիկ ջարդվեցան։ Իշխանը իր նամակը վերջացնում էր, հրավիրելով սրբազանին Բեկի մոտ մի քանի կարևոր կարգադրությունների մասին խորհրդակցելու համար։

— Ուրեմն դուք պետք է գնա՞ք, — հարցրեց Խորեն հայր սուրբը՝ նամակը կարդալուց հետո։

— Ես պատրաստվում եմ իսկույն ճանապարհ ընկնել,— պատասխանեց սրբազանը։— Նոր և ավելի ուրախալի համբավ ևս կհաղորդեմ ձեզ՝ Շընհերը[1] գրավված է Բեկի կամավորներով։

— Շընհե՞րը... մի՞թե, ե՞րբ...— հարցրեց հայր սուրբը, դժվարանալով հավատալ իր ականջներին։

  1. 1 Շընհերը կոչվում է և Շինուհայր, այսինքն շեների կամ ավանների հայրը, դա գյուղաքաղաք էր Սիսիանի մեք։