Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձրեց դեպի պատանին և անցավ մի քանի ուրիշ հիվանդների մոտ։ Բոլորը վիրավորներ էին։ Տիկինը իր ձեռքով փոխում էր նրանց փաթոթները, իսկ նրա հետ եկած տղամարդը սպեղանի էր գնում։ Որպես մխիթարության հրեշտակ, ամեն տեղ հանդիպում էր նա օրհնության և խորին շնորհակալությունների։ Շատերը բռնում էին նրա հագուստի փեշերը և համբուրում էին։ Այդ հիվանդ, քաղցած, ծարավ բազմության կյանքը կախված էր այդ տիկնոջ առաքինությունից։ Նրանք բոլորն էլ կմեռնեին իրանց խոնավ, մթին գերեզմանի մեջ, եթե այդ կինը չլիներ։

Երբ ամեն հոգածությունները վերջացած էին, տիկնոջ ուղեկիցը մի քանի անգամ դարձավ դեպի նա, շտապեցնելով, թե ժամանակ է հեռանալու։ Բայց նա, կարծես, դժվարանում էր մի քայլ անգամ փոխել, կարծես մի ներքին, գաղտնի զգացմունք կապում էր նրան այդ հոտած քարանձավի հետ, որի օդը խեղդելու չափ անտանելի էր։ Նա ավելի ուրախ կլիներ այնտեղ մնալ, նայել և միշտ նայել այն սիրուն պատանու վրա, որի գունաթափ շրթունքների ջերմ դրոշմը դեռ զգում էր իր ձեռքի վրա։

Մի զիլ, ձգական ձայն լսելի եղավ դրսից։ Տիկինը ամբողջ մարմնով դողաց։ Դա վաղորդյան ազանի ձայնն էր։ Կնշանակե, նա շատ էր ուշացել քարանձավի մեջ. պետք էր շտապել, հեռանալ, որ ոչ ոք չտեսնե։

Դրսի թարմ, հովասուն օդը փոքր–ինչ կազդուրեց տիկնոջ բորբոքված սիրտը և նրա թուլացած ուժերը կրկին զորություն ստացան։ Փաթաթված իր լայն վերարկուի մեջ, նա, առանց ճանաչվելու, անցավ պահապանների մոտից, հրամայեց իր ուղեկցին առաջ ընկնել, և որքան կարելի է, փութացնել իր քայլերը։

– Մի շտապեք, տիկին,– ասաց նա մտերմական կարեկցությամբ,– դուք բավական տանջված եք, ճանապարհը ավելի ևս կհոգնեցնե ձեզ։

Դեռ մութն էր, այն լույսի հետ պատերազմող մութը, որ ժողովուրդը կոչում է «Ադամի խավար»։ Աստղերը շողշողում էին երկնքից, իսկ Արուսյակը, երկնքի այդ սիգաճեմ հարսիկը[1] դեռ նոր իր նազելի դեմքը ցույց էր տալիս հորիզոնի հետևից։ Երբեմն թուփերի միջից լսելի էր լինում նոր զարթած թռչունների չըկչրկոցը, որպես մի նախերգանք, որով պատրաստվում էին փառաբանել տվնջյան լուսատուի գալուստը։ Ամեն կողմից շնչում էր

  1. Արուսյակ պարսկերեն նշանակում է հարսն։