Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քրիստոսի հոտը մնացել էր առանց անձնանվեր հովվապետի։ Ներսես մեծի, Սահակ Պարթևի, Արիստակեսի և Վրթանեսի աթոռի վրա պարսիկները նստեցնում էին Սուրմակին, Շմուելին, Բրքիշոյին ու դրանց նման չարագործներին։

Կանգուն մնացել էին միայն հայոց նախարարները։ Դրանք, որպես հայրենիքի բոլոր ծանրությունը իրանց վրա կրող սյուներ, դեռ պահպանում էին կործանված Հայաստանի մնացած փշրանքները։ Պարսկական նենգությունը սկսեց այդ նեցուկները ևս տապալել, նրանց ևս խորտակել, որպեսզի ազգային շենքը միանգամայն քարուքանդ անե։ Հայաստանը թողնում էին հայ զինվորից թափուր, հայ նախարարից զուրկ, իսկ նրանց երկար տարիներով ուղարկում էին հեռավոր արևելքում, Խուժաստանի կամ Սագաստանի կողմերը, Քուշանաց հետ պատերազմելու։ Անսովոր կլիման, տաժանակիր կյանքը, հայրենիքի կարոտը հալում, մաշում էր պանդուխտ հայ զինվորին օտար, անծանոթ աշխարհում։ Նրանցից շատերը չէին վերադառնում։ Այդ անում էր պարսիկը, որ հայ ժողովուրդը անտեր, անգլուխ մնա, որպեսզի նրան կարողանա ավելի հեշտությամբ կլանել։ Ընդդիմություն գործել դժվար էր։ Ով որ փոքր ի շատե դժգոհություն էր հայտնում, նրան ցմահ թաղում էին անել բանտի մեջ։

Ժողովուրդը ավելի սարսափելի դրության մեջ էր։ Աղքատությունը, չքավորությունը պարսիկները ընդունել էին որպես գլխավոր պայման ամբոխը հնազանդության մեջ պահելու համար։ Այդ պատճառով ծանրաբեռնում էին նրան անտանելի հարկերով։ Բայց խորամանկ պարսիկը չէ բավականանում միայն նյութապես աղքատացնելով։ Նա աշխատում էր աղքատացնել և հոգեպես, և բարոյապես, և մտավորապես։ Հայոց սրբարանները, որոնց մեջ հայ մարդը համ աղոթում էր իր աստծուն, համ սովորում էր իր մայրենի լեզվի դպրությունը,— փակված էին։ Եկեղեցիների փոխարեն հիմնել էին կրակապաշտության ատրուշաններ։ Հայոց մանուկների դաստիարակությունը քահանաների ձեռքից անցել էր մոգերի ձեռքը։ Հայոց խոսքը, այն լեզուն, որով խոսում էին Ադամը և Նոյը,— արգելված էր։ Հայ մարդը պետք է պարսկերեն խոսեր, պարսկերեն գրեր և պարսկերեն աղոթեր։

Ամեն ինչ, որ թանկ և նվիրական էր հայի համար, ոչնչանալու վրա էր։ Նրա հայրենիքը պարսկական նահանգ էր դարձել։ Նրա եկեղեցին սրբապղծված էր։ Նրա լեզուն, այդ մայրենի սուրբ ավանդությունը, խլում էին նրանից։ Ազատության փոխարեն տիրում։