Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդկության գազանները իրանց բարբարոս հրոսակներով մինը մյուսի ետևից անդադար գալիս էին, և ոտնակոխ անելով Հայաստանը, անցնում էին։ Նրանք թողնում էին իրանց ետևից արյուն, կոտորած, ավերմունք և բոլորովին անապատ դարձրած մի երկիր։ Այսպիսի դեպքերում եկեղեցականները, որոնք առաջնորդում էին ժողովրդին, փոխանակ նրա մեջ կյանք և քաջություն ներշնչելու, փոխանակ նրան խրախուսելու, որ սուրը ձեռքում պաշտպանե իր հայրենիքը, ասում էին. «Դու արժանի էիր այդ պատուհասին, քո մեղքերի համար աստված պատժեց քեզ։ Նրա դատաստանը արդար է. ինչ որ աստված է անում, նրա դեմ բողոքել հանցանք է...»։ Եվ այս տեսակ խոսքերով քարոզում էին ժողովրդին, որ ապաշխարե, որ աղոթե, որպեսզի աստուծո բարկությունը անցնի։

Մեր պատմության մեջ խիստ փոքր է եղել այն եկեղեցականների թիվը, որոնք դրա հակառակն են քարոզել, և այդ մարդիկն են, որ պաշտելի անուն են թողել։

Մեր կրոնը անձնապաշտության դեմ չէ։ Նույն հնազանդություն քարոզող Հիսուս Քրիստոսը, որ ասում էր՝ «թե ձախ երեսիդ ապտակ տալու լինեն, աջն էլ շուռ տուր», — երբ իր անձի վրա փորձեց այդ պատվիրանքը, երբ Կայիափա քահանայապետի ծառայից մի ապտակ կերավ, ինքը առաջինը եղավ, որ բողոքեց այդ անիրավության դեմ։ Քրիստոնեությունը ազատության և մարդկային հավասարության կրոն է։ Ինչ որ ընդդեմ է ազատության, ինչ որ ընդդեմ է հավասարության, ընդդեմ է և քրիստոնեության։

Սեփականության իրավունքը սուրբ է աստուծո համար։ «Մի գողանարը» նրա մեզ տված տասն պատվիրանքներից մեկն է։ Ինչ որ ունե մի անհատ, ինչ որ ունե մի ամբողջ ազգ, պետք է նրան պատկանի։ Իսկ երբ մի ուրիշը գողանում է, հափշտակում է,— հանցանք է գործում։ Այսպիսիներին ոչ միայն զրկված մարդը, այսինքն սեփականատերը, իրավունք ունի պատմելու և հափշտակությունը ետ խլելու, — այլ աստված ինքը օգնում է զրկվածին։

Մենք մի ազգ ենք։ Ազգը — մի մեծ անհատ է, որ ունե իր սեփականությունները։ Մենք էլ ունեինք մեր հայրենիքը, որ մեր հորերից մնացել էր մեզ որպես ժառանգություն։ Այդ հողի վրա, որպես մեր սեփական տան մեջ, մենք ազատ վարում էինք, ցանում էինք, հնձում էինք ու հանգիստ ապրում էինք։ Այստեղ մենք ունեինք մեր օրենքները և մեր կառավարությունը։ Մեր թագավորը, որպես ազգային մեծ ընտանիքի հայրը, իշխում էր մեզ