Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեցին հնչել, և կարծես երկնքի բոլոր անմահները ցած իջան և սկսեցին ձայնակցել հայոց ուխտավորների ոգևորությանը:

Հետո կատարվեցավ ուխտի խորհուրդը։ Ներսես արքեպիսկոպոսը նախ օրհնեց իշխանների սրերը, որ դրած էին Վարդանի դագաղի վրա, Խաչի և Ավետարանի մոտ։ Իսկ հետո կարդացվեցավ երդման թուղթը։ Դա համարյա նույն բովանդակությունն ուներ, որ գրվեցավ Վարդանանց պատերազմի սկզբում. փոփոխությունը մի քանի ավելվածների մեջ էր միայն։ Ահա նրա օրինակը։

«Հարազատ եղբոր սուրը իր մերձավորի վրա պիտի բարձրանա, երբ որ նա դավաճանություն կգործե ուխտի և միաբանության դեմ։ Հայրը պիտի չխնայե իր որդուն, և որդին ակնածություն չի պիտի անե հոր պատվին։ Կինը պետք է կռվե իր ամուսին այրի հետ և ծառան պիտի դառնա իր տիրոջ դեմ, երբ նրանում անհավատարմություն կնկատի։ Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի ամեն գործողությունների վրա, և ամեն ինչ պիտի զոհվի այդ ազատությունը գնելու նպատակին։ Անպայման հնազանդություն դեպի գործի գլխավորը, — պետք է լինի օրենք, և այդ օրենքի հակառակորդը կընդունի իր դատապարտության պատիժը նույն գլխավորից»։

Երբ երդման թղթի ընթերցումը վերջացավ, եպիսկոպոսը հրավիրեց Դավիթ Բեկին կանգնել իր մոտ։ Օրվա հերոսի դեմքը չէր ցույց տալիս այն անսահման հոգեզմայլությունը, որ տիրում է ամեն մի մարդու սրտին այսպիսի հանդիսավոր րոպեներում։ Նրա ընթացքը, օրով մոտեցավ նա սրբազանին, արտահայտում էր մի առանձին վեհություն, որ ծածկված էր համեստության քողի տակ։ Կանգնելով եպիսկոպոսի մոտ, խոսեց մի փոքրիկ ճառ.

«Եղրայրնե՛ր,— ասաց նա իր սովորական ամուր ձայնով,— ես ինձ բախտավոր եմ համարում, որ ինձ վիճակվեցավ անցնել այն շարժման գլուխը, որին կարոտ էր մեր հայրենիքը, որին վաղուց սպասում էր նա։ Իմ հույսը մեծ է: Ես հավատացած եմ, որ Հայաստանի աստվածը նույնպես կպսակե մեր գործը, որպես շատ անգամ ցույց է տվել իր աջակցությունը մեր հայրերին։ Մեր նպատակը սուրբ է, մեր ձեռնարկությունը չէ կրում իր վրա անիրավության ոչ մի բիծ։ Մենք պիտի կռվենք բռնության, անարդարության և ստրկության դեմ։ Իսկ բռնությունը, անարդարությունը և ստրկությունը պիղծ են աստուծո առջև։ Ես իմ հույսը դրել եմ նեղված, տանջված, հարստահարված ժողովրդի վրա և ձեզ վրա,