ուրախություն, ամեն տեղ զարթնում էր կյանքը։ Միայն տիկնոջ սիրտը տխուր էր, միայն նա ուրախ լինել կարող չէր...
Կանանոցի չադրների առջև դեռ գունավոր լապտերները տարածում էին իրանց շուրջը մի տեսակ կախարդական խայտաճամուկ լուսավորություն։ Չադրներից ոչ մեկի վարագույրները դեռ բարձրացրած չէին։ Ամբողջ կանանոցը մրափում էր քաղցր, հեշտասեր քնի մեջ։ Տիկինը մտնելով իր չադրը, գտավ այնտեղ իր սևամորթ աղախնին նույնպես քնած, թեև պատվիրել էր նրան արթուն մնար։ Նա չկամեցավ անհանգստացնել նրան և մտավ իր քնարանը։ Այնտեղ զգուշությամբ մերկացավ իր այրացի հագուստը, առանց մի շշնջյուն անգամ հանելու, որ չվրդովե իր փոքրիկ երեխայի քունը, որ պառկեցրած էր կախաղանավոր լանդիկի (օրորոց) մեջ։ Նա ուշիկ կերպով հետ քաշեց երեխայի երեսից թափանցիկ քողը, որ ձգած էր նրա մարմինը մոծակներից ազատ պահելու համար, և մի քանի րոպե մայրական ջերմ գթասրտությամբ նայեց նրա սիրուն երեսիկի վրա։ Կրկին քողը բաց թողնելով, ինքն էլ պատրաստվեցավ քնելու։ Մի փառավոր անկողին, պատրաստված արևելքի ամենթանկագին և նուրբ կերպասներից, սպասում էր նրան։ Աստղիկը իր գեղեցկության բոլոր վայելչությամբ պիտի նախանձվեր, պիտի շառագուներ, տեսնելով այդ ճոխ, սքանչելի մարմինը, երբ նա մերկանալով մտավ իր անկողնի մեջ։ Ճանապարհի հոգնածությունը մի կողմից, հոգեկան տանջանքը մյուս կողմից, այն աստիճան թուլացրել էին նրա վաստակաբեկ ջղերը, որ իսկույն տիրեց նրան մի տեսակ թմրություն, որ հաջորդում է կոտրած սրտի երկար խռովություններից հետո։
Քառորդ ժամ հազիվ էր անցել, մի արարած ստվերի նման անցավ տիկնոջ վրանի ետևի կողմը։ Նրա սև մարմինը բոլորովին միախառնվում էր գիշերային մթության հետ։ Նա գազանների անշշունջ քայլերով մոտեցավ վրանի ցիցերից մեկին և զորեղ ձեռքով դուրս քաշեց։ Պարանը թուլացավ։ Հետևապես թուլացավ վրանի պաստառի այն մասը, որ ձգված էր այդ պարանով։ Նա կուրծքի վրա սողալով, մոտեցավ վրանին և ձեռքով զգուշությամբ բարձրացրեց նրա անջրպետը, որ բաժանում էր տիկնոջ քնարանը վրանի մյուս մասերից։ Այս բացվածքից հազիվ կարող էր մի կատու անց կենալ։ Նա իր ահագին գլուխը ներս տարավ։ Քնարանի մեջ վառվող լապտերի լույսը, ընկնելով նրա երեսի վրա, երևան հանեց խափշիկի այլանդակ կերպարանքը։