Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վահան հայր սուրբը միայն բարեսրտությամբ ժպտաց և շարանակեց փուքսը փչել: Նա իր պատանեկության հասակում, իրավ, ոսկերչի աշակերտ էր, վարպետից փախչելով, եկավ վանքը և աբեղա ղարձավ:

— Այդ ի՞նչ եք հալում, — հարցրեց սրբազանը` նայելով քուրայի մեջ։

— «Սուրբ սքանչելագործի» աջը,— պատասխանեց աբեղան և նկատելով, որ մետաղը բոլորովին հալված էր, բութակը ունելիով դուրս հանեց քուրայի միջից և հեղուկ դարձած արծաթը խնամքով ածեց մի կաղապարի մեջ, ուր սառչելով, երկայն շերտի ձև ստացավ։ Հետո կաղապարի միջից դուրս հանեց շերտը, դրեց մյուսների մոտ, որ դիզված էին միմյանց վրա։

Վանահայրը սկսեց համբարել արծաթե շերտերը։ Երբ վերջացրեց, նա դարձավ դեպի ծերունի աբեղան, հարցնելով.

— Երևում է, դեռ բոլորը չեք վերջացրել, Վահան հայր սուրբ։ — Շա՞տ է մնացել։

Չսպասելով Վահան հայր սուրբի պատասխանին, որն ինքն էլ չգիտեր, թե որքան է մնացել,— վանահայրը մոտեցավ մի ահագին արկղի, որ շինված էր ամուր սև փայտից և գամած երկաթներով։ Նրա մեջ լցրած էին զանազան արծաթյա անոթներ, խաչեր, բուրվառներ, աշտանակներ և այլ եկեղեցական սպասներ։

Վանահայրը վեր առեց մի գեղեցիկ սկիհ, սկսեց նայել։ Սկիհի պատվանդանի վրա բավական ճարտարությամբ քանդակված էր նվիրողի անունը։ Վանահայրը կարդալով այդ, ասաց.

— Մոտ վեց հարյուր տարվա հնություն է, հայոց Լևոն թագավորից ընծայված։ Երբ Սյունյաց Հայրապետ եպիսկոպոսը գնաց Երուսաղեմ, Կիլիկիայով անցավ. այնտեղ տեսնվեցավ Լևոնի հետ: Թագավորը նվիրեց մեր վանքին այդ սկիհը ուրիշ շատ անոթների հետ։ Այնօրից մեր միաբանությունը սահմանեց ամեն տարի զատկի միաշաբաթի օրը պատարագի ժամանակ հիշել բարեպաշտ թագավորի հիշատակը։

Մենք կշարունակենք դարձյալ հիշել,— ասաց Վահան հայր սուրբը,— բայց սկիհը կհալենք այդ քուրայի մեջ, որովհետև այժմ նա ուրիշ բանի պետք է։— Վերջին խոսքերի հետ նա առեց սկիհը, և դնելով զնդանի վրա, մուրճով ջարդեց, հետո ձգեց բութակի մեջ, Վանահայրը վեր առեց մի ահագին արծաթե կոնք (լագան), որի մեջ ոտնալվայի խորհուրդը կատարելու ժամանակ լվանում էին միաբանների ոտները։