նույն չարագործը պարսիկ զորքերով կանգնած էր իր ճանապարհի վրա, որ արգելե նրան իր հայրենիքի գոնե ավերակները տեսնելու։
– Տեսնո՞ւմ եք, սրբազան,– ասաց Բեկը Ներսես արքեպիսկոպոսին, որ եկել էր Շընհերից նրան Տաթև տանելու,– մեր ձեռնարկության հենց սկզբում մեր առջև դուրս է գալիս մի ուրացող հայ։
– Այն հայը, որի հարստահարություններից ազատվելու համար ձեր ծնողները իրանց այրեցին կրակի մեջ,– պատասխանեց սրբազանը։– Այն կրակից դուք միայն ազատվեցաք, Բեկ։
– Այդ տխուր պատմությունը դուք արդեն գիտեք, սրբազան, – խոսեց Բեկը։– Երևում է, իմ և այդ մարդու ճակատագրի մեջ մի բան կա, ուր կրակը մեծ դեր է խաղում...
– Այո՛, այն ժամանակ նա կրակ թափեց ձեր ծնողների վրա, իսկ այսօր դուք կրակ կթափեք նրա գլխին,– ասաց սրբազանը ծիծաղելով։– Հաշիվը պարզ կդուրս գա։
– Տեսնենք...– պատասխանեց Բեկը և դարձյալ ընկավ տխուր մտախոհության մեջ։
Նրանք դուրս գալով ձորից, գտնվում էին այժմ մի լեռնային բարձրավանդակի վրա, որտեղից երևում էր բոլոր շրջակայքը։ Սրբազանը, նկատելով Բեկի տխուր տրամադրությունը, թողեց նրան, և իր ձին հետ պահելով, կանգ առեց, մինչև հասավ Մխիթար սպարապետը Բայինդուր իշխանի հետ։
– Նայեցեք,– ասաց նրանց,– նայեցեք, այդ հրաշալի բնությանը։ Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստուծուն, թե ինչո՞ւ ինքը թշվառ է և օտարի ծառա։ Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից,– այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստուծո շնորհած պարգևից։
Եվ իրավ, վայրենի բնությունը հիացնելու չափ սքանչելի էր։ Դեպի ամեն կողմ անկանոն կերպով տարածվում էին լեռնային ցանցատեսակ շղթաներ, որոնք խիտ կերպով զետեղված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց միջավայրում նեղ և խորին ձորեր։ Այդ շղթաների վրա, սղոցի ատամների նման, բարձրանում էին սարերի սուր գագաթները, որ կորչում էին ամպերի մեջ։ Կուսական անտառը, որպես մի կանաչազարդ վերարկու, ծածկում էր լեռների մերկությունը և նրանց ավելի անմատչելի էր դարձնում։ Ոչ մի մարդկային արարած չէր կարող ոտք կոխել այդ բարձրությունների