վրա, միայն արագաթռիչ արծիվը այնտեղ ժայռերի պատռվածքի մեջ դնում էր իր բույնը։
– Ճշմարիտ է, սրբազան,– պատասխանեց Մխիթար սպարապետը,– սյուների հայը ինքն է մեղավոր, որ չէ կարողացել օգուտ քաղել իր հայրենիքի ամուր դիրքերից։ Բայց Հայաստանի ո՞ր կողմը այսպես չէ։ Հայաստանը ամեն տեղ տալիս է մեզ բնական ամրություններ։ Բայց մեր լեռներից ավելի օգուտ են քաղել օտարները, քան թե մենք ինքներս։
Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը, և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով․
– Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է։ Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտորեի։ Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է։ Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց միևնույն ժամանակ սիրում եմ։ Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ։– Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ։ Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան։ Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չէ մնացել։ Մեր ազգը մի այսպիսի անբարոյական կին է, նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել։ Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից։ Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը։ Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմեացու գիրկն ընկնելով։ Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքներով շոշափեց նրա երեսը։ Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնղոլը դարերով պառկեց նրա հետ։ Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ։ Նա բոլոր օտարներին տալիս էր իր սերը, անհավատարիմ էր միայն իր ամուսնին, որի հետ կապված էր օրինավոր պսակով։– Այսուամենայնիվ ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում, իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել։ Սիրում եմ այդ