Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք նկատեցին, որ Բեկը բավական տարածություն առաջ էր անցել։ Այժմ կանգնել էր նա և խոսում էր Ստեփաննոս Շահումյանի հետ, որին առաջուց ուղարկել էր թշնամու բռնած դիրքերը հետազոտելու։

– Ստեփաննոսը վերադարձավ,– ասաց Մխիթար սպարապետը,– տեսնենք, ինչ տեղեկություններ է բերել։

Երեքն էլ՝ սրբազանը, Մխիթար սպարապետը և Բայինդուր իշխանը, իրանց ձիաները թափով քշեցին և մի քանի րոպեի մեջ հասան Բեկի կանգնած տեղը։

Ստեփաննոսի բերած տեղեկություններից երևաց, որ Դավիթ ուրացողը բռնել էր երկու գլխավոր անցքեր, որտեղից պետք էր մտնել Տաթև։ Մի անցքի վրա կանգնել էր նա ինքը, իսկ մյուսի պահպանությունը հանձնել էր իր Շահ–կուլի որդուն։ Երկուսի ձեռքի տակ կային ավելի քան երկու հազար մարդիկ։

– Ես ձեզ մի ուրիշ ճանապարհով կտանեմ,– ասաց սրբազանը,– որը թեև բավական դժվարանցանելի է և բավական երկար է, բայց ավելի ապահով է։ Այդ ճանապարհով մենք չենք հանդիպի թշնամուն։

– Ի՞նչ օգուտ դրանից,– պատասխանեց Բեկը,– ես կամենում եմ անպատճառ հանդիպել նրանց։ Ինձ պետք է այսօր ձերբակալել այդ անզգամին։

– Այդ ձեր կամքն է,– ասաց սրբազանը։– Եթե դուք վճռել եք ուղղակի նրանց վրա գնալ, իմ կարծիքով, ավելի լավ կլինի փոքր–ինչ սպասել, մինչև մութը կպատեր։ Մենք համեմատաբար շատ փոքր թվով մարդիկ ունենք մեզ հետ։ Եթե ցերեկով թշնամին մեզ տեսնելու լինի, մեր սակավությունը նկատելով, ավելի սիրտ կառնի։ Բայց խավարի մեջ փոքրիկ խումբերն ևս, եթե քաջությամբ կգործեն, կարող են սարսափեցնել թշնամուն։

– Դուք, սրբազան,– ժպտալով ասաց Բեկը,– ոչ միայն հմուտ աստվածաբան եք, այլ ձեր մեջ երևում է և պատերազմական տաղանդ։

– Կատակը մի կողմ կենա։ Թույլ տվեցեք այսօր փորձել իմ տաղանդը, որը ծաղրում եք դուք։

– Այդ խիստ վտանգավոր փորձ կլինի։ Այսուամենայնիվ, ես կարող եմ ապահովացնել ձեզ, սրբազան, որ մինչև թշնամու մոտ հասնելը, ձեր ցանկացած խավարը կպատե մեր աշխարհը։ Նայեցեք արեգակին, որքան թեքվել է դեպի իր մուտքը։ Եվ ես ցավում