Երիտասարդը առանց ուշադրություն դարձնելու նրա աղաչանքի վրա, հարցրեց.
– Ո՞ր կողմից ես։
Կամենում էր գիտենալ՝ Դավիթ Բեկի զինվորների՞ց է, թե Դավիթ ուրացողի։
– Մելիք Դավթի կողմիցն եմ,– պատասխանեց վիրավորը։
Երիտասարդը այդ լսելով, ավելի սիրտ առեց։ Զինվորը թշնամու բանակին չէր պատկանում։
– Ինչպե՞ս վերջացավ կռիվը,– հարցրեց նա։
– Կռի՞վը... շատ վատ վերջացավ...– պատասխանեց վիրավորը։– Մեզ բոլորիս ջարդեցին։ Ի՞նչ կարող ես անել դրանց հետ։ Դրանք մարդիկ չեն, կատարյալ սատանաներ են։ Մտնում են ամեն տեղ, որտեղ ուզում ես։ Ոչ կրակից են վախենում և ոչ սրից։ Թռչում են անդունդների վրայով և ծտի նման անցնում են սարսափելի ժայոերից։ Նրանց սրի առջևից մարդիկ այնպես ցած են թափվում, որպես չորացած հասկերը հնձավորի մանգաղի առջևից։ Ես իմ աչքով տեսա և հիմա հավատում եմ, որ այդ մարդիկների մարմինը անխոցելի է։ Ի՞նչ կարող ես անել կախարդված մարդու հետ, որի մարմնի վրա ոչ հրացանի գնդակը և ոչ էլ նիզակի սուր ծայրը չեն ներգործում։
Դավիթ Բեկի և նրա զորապետների մասին արդեն տարածվել էին սնահավատ ժողովրդի մեջ շատ առասպելական զրույցներ, որոնք սարսափ էին գցում Բեկի թշնամիների վրա։
– Դու ո՞ր զորաբաժնի մեջն էիր,– հարցրեց երիտասարդը, ցավալի պատմությունը լսելուց հետո։
– Ես մելիք Դավթի զորաբաժնի մեջն էի,– ասաց վիրավորը.– բռնել էինք դեպի Տաթև տանող ճանապարհի անցքը։ Բայց վերևից այնքան քարեր թափեցին մեր գլխին, կարծես բոլոր լեռները փուլ եկան մեզ վրա։
– Իսկ հա՞յրս... ի՞նչ եղավ հայրս...– հարցրեց երիտասարդը դոդդոջուն ձայնով։
Վիրավոր զինվորը ճանաչեց նրան, երիտասարդը Դավիթ ուրացողի որդի Շահ–կուլին էր։
– Հա՞յրդ...– ասաց նա ձգական ձայնով,– ո՞վ է իմանում, թե ի՞նչ եղավ։ Սպանվեցավ, մնաց, փախավ, բռնեցին,– ո՞վ կարող էր գիտենալ այն խառնակության ժամանակ, երբ ամեն մարդ իր գլխի մասին էր մտածում։
Երիտասարդը բավական տեղեկություններ ստացավ հոր անհաջողությունների