մենակ էր, ո՞ւր էին նրա բազմաթիվ ծառաները։ Այս գիշերային անագան պահուն, այսպես պատառոտված, ցեխերում թաթախված, նա ո՞րտեղից էր գալիս։– Ահա այդ հարցերը ծագեցին տան տիկնոջ գլխում, երբ նա բավական քննողական աչքով հետազոտեց երիտասարդի աննախանձելի դրությունը։
Տանտիկնոջը դժվար չէր հասկանալ, որ երիտասարդը հաղթված և պատերազմի դաշտից փախած պետք է լինի։ Բեկի կռիվների համբավը արդեն տարածվել էր ամեն տեղ, բոլորը նրա մասին էին խոսում։ Նա լսել էր և այն, որ Դավիթ ուրացողը իր որդու հետ հավաքել է բազմաթիվ զորք, որ արգելեն Բեկի Տաթևի սահմանը մտնելը։ Այժմ ուրացողի որդին, ողորմելի դրության մեջ, իր խրճիթում ապաստան էր գտել։ Այժմ ամեն ինչ պարզ էր տանտիրուհու համար։ Իսկույն ծագեց նրա գլխում մի միտք և նրա շրթունքը զգալի կերպով դողդողացին։
– Ձեր խրճիթում չկա՞ մի առանձին տեղ,– հարցրեց երիտասարդը։
– Ինչո՞ւ համար է,– ասաց տանտիկինը։
– Ես սաստիկ հոգնած եմ, կամենում եմ փոքր–ինչ հանգստանալ, կցանկանայի առանձին տեղում պառկել, որ ինձ ոչ ոք չխանգարեր։
«Նա կամենում է թաքնվել...»– մտածեց կինը և միևնույն ժամանակ նրա դեմքի վրա փայլեց մի չարագուշակ ուրախություն։
– Իմ ամբողջ տունը ձեր աչքի առջևն է, պատվելի պարոն,– պատասխանեց կինը,– տեսնում եք, որ առանձին տեղ չունեմ։ Բայց եթե հարմար կհամարեք, ես ձեզ ցույց կտամ մի տեղ։
Նա վեր առեց ճրագը և իր հյուրի ճանապարհը լուսավորելով, տարավ նրան բակը, և մի անկյունում ցույց տվեց փոքրիկ շինվածք նեղ դռնով։ Այստեղ մի ժամանակ հավաբույն էր, բայց երբ հարկահանները (այսինքն նույն իսկ հյուրը) տարան հավերը, այնուհետև այդ շինվածքը մնաց դատարկ։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ, անձրևային եղանակներում պառկում էր տանտիրոջ շունը, և այժմ ավելի շան որջ էր, քան թե հավաբույն։ Երիտասարդը գլուխը ներս տարավ, նայեց, ասելով.
– Վատ չէ, դուք միայն մի շոր տարածեցեք, որի վրա կարելի լիներ պառկել։
– Ես ձեզ համար բարձ էլ կբերեմ,– ասաց տանտիկինը և վազեց դեպի խրճիթը։
Երկյուղը այն աստիճան տիրել էր երիտասարդի սրտին, որ նա