Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Այնքան չորացել է հացը, որ չէ ուտվում,– ասաց գահակիցներից մեկը։

– Առանց սումբայի հրացանը լցնել չես կարող,– նրան պատասխանեց սեղանակիցներից մյուսը,– այդ հացին սումբա պետք է։

Նա հանեց պարկի միջից խեցեղեն փոքրիկ աման, լիքը արաղով, առաջ ինքը խմեց, հետո տվեց ընկերներին, ասելով.

– Աստված է վկա, մարդու կոկորդը փափկացնում է։

Մյուսներն Էլ ընդունելով ամանը, խմեցին, միևնույն կարծիքը հայտնելով փափկացնող ըմպելիքի մասին, և այժմ ավելի ախորժակով սկսեցին ուտել չոր հացը։

Երբ ճաշը վերջացած էր, նրանցից մեկը ժամացույցի փոխարեն նայեց արևին, իր ընկերին ասաց.

– Հիմա կարելի է ճանապարհ ընկնել, շուտով զովը կսկսվի։

– Կարելի է,– ավելացրեց մյուսը,– մեր առջևում անտառը ավելի խիտ է, արևը շատ չի նեղացնի։

– Ինչպես էլ և լինի, պետք է գնալ. դեռ բավական ճանապարհ ունենք,– ասաց երրորդը։

– Արեգակը ի՞նչ կարող է անել. խո ձյուն չենք, որ հալվենք։

Սկսեցին պատրաստվել։

Այդ միջոցին մյուս ուղևորներից մեկը, պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով, ծույլ կերպով հարցրեց.

– Եղբայրներ, ո՞ւր եք գնում։

– Դեպի Զեվու,– պատասխանեցին նրան։

– Հիմա Զեվուից ամենքը փախչում են, դուք ի՞նչ խելքով այնտեղ եք գնում։

– Ինչո՞ւ են փախչում։

– Չե՞ք լսել, շուտով Զեվան կպաշարվի Դավիթ Բեկի զոքերով։ Նրա բանակը հիմա գտնվում է բերդից ոչ այնքան հեռու Ղարաչիման գյուղի մոտ։

– Մեզ ի՞նչ վնաս, եթե կպաշարվի,– ասաց երեք ընկերներից մեկը։

– Ձեզ այն վնասը կլինի, որ վտանգի մեջ կընկնեք,– պատասխանեց ուղևորը, դարձյալ չշարժվելով իր պառկած տեղից։

Շատ ախորժելի բան Է պաշարված բերդի մեջ լինել, երբ ամեն կողմից կրակ են թափում։

– Բայց բավական ախորժելի բան է պաշարված բերդից կռվել թշնամու դեմ,– ասաց երեք ընկերներից մի ուրիշը։