Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես զարդարած էին ոսկե թելերով։ Շապիկի վրա հագած ունեին կարճլիկ թիկնոցը, որ սեղմված էր մեջքի վրա և մեր կանանց բեզրուկավշիկի ձև ուներ։ Թիկնոցները ըստ մեծի մասին կարված էին թանկագին մանիշակագույն և վարդագույն թավիշից և նախշած դարձյալ ոսկե թելերով։ Աղախինները կրում էին իրանց տիկինների հին հագուստը, որոնց մի կամ երկու անգամ էին հագել։ Կարծես այդ թիթեռների նման նախշուն և խայտաճամուկ արարածները դեռ նոր էին դուրս եկել կնոջ այն դրությունից, երբ նա իր մերկությունը ծածկում էր թզենու տերևներով։ Բայց ոչ, հագուստի այդ ձևը հարեմական հանճարի, հարեմական հեշտասիրության արդյունք էր, որ երևան էր հանում մերկ կուրծք, մերկ սրունքներ և մերկ բազուկներ։ Կնոջ մարմնի այդ մասերը միշտ կարող էին գրգռել վավաշոտ կրքեր, որոնք թուլացած, բթացած էին հարեմի իշխանի մեջ, որը միայնակ տիրում էր կնիկների մի ահագին երամակի վրա։

Ավելի խորհրդավոր նշանակություն ունեին նրանց մյուս զարդարանքները։ Թանկագին ակներով զարդարած պարանոցի մանյակները ունեին իրանց շարքում մի տեսակ, ոսկուց շինած խողովակաձև թելիսման, որի մեջ դրած էին կախարդական բժժանքներ։ Թե՛ բազուկների վրա, թե՛ թևքերի վրա (արմունկներից դեպի վեր) բոլորն է ապարանջաններ ունեին, այն զանազանությամբ, որ թևքերի ապարանջանները կրում էին հագուստի վրայից, իսկ բազուկներինը՝ մարմնի վրա։ Բացի դրանից, թևքերի ապարանջանները զարդարած էին գույնզգույն հուլուններով, որոնք դյութական նշանակություն ունեին։ Մատանիներին թիվ չկար, բացի դրանից, բոլորի ոտների մերկ սրունքները նույնպես զարդարած էին գույնզգույն հալուններով։ Մի քանիսը ունեին համայիլներ, այսինքն ակներից, ոսկուց և մարգարիտներից հյուսված մի զարդ, որ գեներալների ժապավենի նման ձգել էին իրանց ուսից և կապել աջ թևքի տակ։ Կինը, որպես մի կախարդական էակ, բառի բուն նշանակությամբ, իր դարդերի մեջն էր ամփոփել իր բոլոր զորությունը[1]։ Այդ զարդերը ոչ միայն ավելի փայլ էին տալիս նրա գեղեցկությանը, այլ պահպանում էին նրան չար ալքից, սիրելի էին կացուցանում նրան իր իշխանի աչքում և ազատ էին պահում մյուս կնիկների նախանձից ու նենգավոր որոգայթներից։ Երեք հայ ոսկերիչներ, իրանց աշակերտների

  1. Պարսից լեզվում ամբողջ գրքեր կան գրված, որոնք բացատրում են այս և այն գոհարի, այս և այն մետալի կախարդական նշանակությունը։