Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Դրանք ո՞վքեր են,– հարցրեց դռնապանը, ցույց տալով երեք ուղևորների վրա։

– Մոռացա՞ր, ես առավոտյան այստեղից դուրս գալու ժամանակ քեզ ասեցի. Հասան, ես գնում եմ, բայց գիշերը կրկին կվերադառնամ, զգույշ կաց, որ դուռը շուտ բաց անես։– Ասեցի խանի կնոջ ատամները ցավում են, գնում եմ մի սափրիչ կանչելու։ Հիմա տեսնո՞ւմ ես, դա սափրիչն է, դա նրա աշակերտն է, դա էլ մի հյուսն է, որ խանի համար փայտից մի այնպիսի սատանայական բան պիտի շինե, որ նրանով ահագին քարեր կարելի է նետել թշնամիների վրա, երբ մեր բերդը պաշարելու լինեն։

Թե խանի կնոջ ատամների ցավը և թե բերդի պաշարումը այնպիսի կարևոր բաներ էին, որ երկուսին էլ պետք էր շուտափույթ օգնություն հասցնել։ Մանավանդ Հասանին ավելի գրավեց այն «սատանայական բանը», որ պիտի շիներ հյուսնը, և իր հավանությունը հայտնելով, ասաց.

– Այդ լավ բան է, եթե մի այսպիսի բան չլինի, այն ժամանակ մեր բերդը աստված ազատե՜...

Երեք ուղևորները անծանոթ մարդու հետ հեռացան դռնապանից, բայց փոխանակ խանի տունը գնալու, կորան բերդի խուլ փողոցների մեջ, որ պատած էին գիշերային խավարով։

ԺԳ

Զեվու բերդի մեջ, հայոց թաղի մի անկյունում, ուղիղ ամրոցի պարսպի մոտ, կանգնած էր մի քարաշեն տուն։ Այնտեղ իր միակ փոքրիկ որդու հետ բնակվում էր մի այրի կին։ Նրա ամուսին այրը ուներ սեփական այգի, որի թթենիների պտուղներից արաղ էր քաշում, իսկ խաղողից գինի էր պատրաստում։ Նա գինեվաճառ էր և նրա տունը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ գինետուն։ Ամուսնի մեռնելուց հետո նրա առևտուրը շարունակեց կինը։ Նա հայտնի էր ամբողջ բերդի մեջ որպես լավ արաղ քաշող և նրա պատրաստած գինիները ամենաընտիրն էին իրանց տեսակի մեջ։

Այդ կինը կոչվում էր Սառա. նրա տարիքը անցել էին երեսունից, բայց տակավին թարմ էր մնացել և պահպանել էր իր երիտասարդության գեղեցկությունը։ Սառան այն վարպետ կնիկներից մեկն էր, որ անդադար ընկնելուց և կանգնելուց հետո, նոր ճանաչում են կյանքը, որ գիտեն, թե այժմ ինչպես պետք է վարվել