– Աստված է վկա, տեր հայր, դժոխքի սատանան էլ էր կարող ճանաչել ձեզ, եթե դուք ինքներդ ձեզ չմատնեիք։
Սափրիչը հալիձորցի տեր Ավետիքն էր, Դավիթ Բեկի ամենաքաջ զորապետներից մեկը։
– Նստեցեք, տեր հայր, ասեցին նրան,– խորովածը դեռ չէ սառել, ձեր բաժինը պահել ենք։
– Օրհնյալ լինիք, որդիք,– պատասխանեց քահանան,– կնստեմ, իհարկե, կնստեմ։ Թող առաջ այդ բաները վրայիցս արձակեմ, հետո կնստեմ։ Եվ նա սկսեց արձակել սափրիչի բոլոր պարագայքը, որ իր վրա կրած ուներ, սկսեց քանդել թե կուրծքի և թե մեջքի սապատները, որ արհեստական կերպով կազմել էր։
Այդ միջոցին առաջիններից մեկը մոտեցավ սափրիչի գեղեցկադեմ աշակերտին, որը մի կողմում կանգնած էր, տեսնելու համար, արդյոք իրան կճանաչեն, թե ոչ։
– Ա՜խ, Խորեն հայր սուրբ,– գոչեց նա ծիծաղելով. – ճշմարիտ, ես քեզ ճանաչել չէի կարող, եթե պարանոցիդ վրայի սպին չտեսնեի։
Խորեն հայր սուրբը Տաթևի երիտասարդ աբեղաներից մեկն էր։ Նրան առաջին անգամ մենք տեսանք շիրվանաձորցի բեռնակրի հագուստով, երբ վիճակից հավաքած «հոգևոր պտուղի» անունով ռազմամթերք էր տեղափոխում վանքը։ Այժմ սափրիչի աշակերտի հագուստի մեջ բոլորովին անճանաչելի էր դարձել։
Նորեկների երրորդ ընկերը՝ հյուսնը, իսկույն ճանաչվեցավ․ նրա հսկայատիպ կազմվածքը, դեմքի խոշոր գծագրությունը ոչ մի կեղևի տակ ծածկվել չէին կարող. ով որ մի անգամ տեսել էր նրան, մյուս անգամ տեսնելիս կարող էր ճանաչել։ Դա Ստեփաննոս Շահումյանն էր, Դավիթ Բեկի սիրելին։
– Իշխան,– ասաց նրան առաջիններից մեկը.– քո այդ սղոցները, ուրագները հազիվ թե կարող են քեզ բանվոր մարդու տեղ դնել։
– Իհարկե, նրանց մոտ, որոնք ինձ ճանաչում են,– պատասխանեց իշխանը, ցած դնելով իր խուրջինը, որ լցված էր ատաղձագործի գործիքներով։
Չորրորդը, որ իրան բերդի տեր խանի ֆարրաշ էր կոչում, հալիձորցի Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարն էր, մի չափազանց հնարագետ և ճարպիկ երիտասարդ, որ սատանայի նման ամեն կերպարանքի մեջ կարող էր մտնել։