հետ, խանի բանակի մեջ, անդադար գործում էին նրա կնիկների զարդարանքի համար, որ չափում էր ամբողջ գավառների եկամուտը։
Չադրների այդ խումբը, որ հատկացրած էր կանանոցի համար, բոլորովին անմատչելի էր։ Նա շուրջանակի պատած էր բարձր ալաչուղով[1], որ կոչվում էր սարայ-փերդայ, այսինքն սերալի վարագույր։ Այնտեղ կարող էին մուտք գործել միայն ներքինիները և սևամորթ ստրուկներն ու ստրկուհիք։
Այն առավոտ կանանոցի հրապարակի վրա կատարվում էր մի արտակարգ շարժողություն։ Բոլորը զբաղված էին մի մեծ պատրաստությունով։ Աղախիններից մի քանիսը նստած էին մերկ գետնի վրա, բոլորել էին ահագին, երկաթյա կասկարայի շուրջը։ Նրանցից մեկը ալյուր էր մաղում, մյուսը փայտյա տաշտի մեջ խմոր էր հունցում, երրորդը խմորից գնդակներ էր շինում, չորրորդը գնդակները հարթ տախտակի վրա դնելով, փայտյա կլորիկ կռնակով բաց էր անում և նրանց բոլորակ լավաշի ձև էր տալիս, հինգերորդը վեր էր առնում լավաշները, տարածում էր տաքացած կասկարայի վրա և նրանցից հաց էր թխում։ Աշխատությունը կատարվում էր ամենայն արագությամբ. միևնույն ժամանակ նրանց զբաղմունքը չէր արգելում խոսել, ծիծաղել և բամբասել։ Երկու կնիկներ դրանցից փոքր-ինչ հեռու, պտտեցնելով շրջական երկանաքարի թևքը, ալյուր էին աղում։ Սպիտակ փոշին պատել էր նրանց սև մազերը և երեսը։ Մի քանիսը կաթսաների մեջ տապակում էին ամբողջ գառներ կամ շամփուրների վրա միս էին խորովում։ Կարծես, մի ահագին բանակի համար պատրաստվում էր նախաճաշիկ։
– Հաֆսա՛, գիտե՞ս ինչ է պատահել այս գիշեր,— ասաց մանկահասակ Այիշան մի սևաչյա կնոջ, որ նստած չադրի մեջ, հարում էր խնոցին կարագ պատրաստելու համար։
– Ինչ է պատահել,– հարցրեց Հաֆսան հետաքրքրությամբ և դադարեց խնոցին հարելուց։
— Ասում են, սատանաները այս գիշեր Սյուրիի մազերը մրկրատով կտրել են։
– Ճշմարի՞տ,— հարցրեց Հաֆսան, և միևնույն ժամանակ ուրախության նման մի լույս արտափայլեց նրա սիրուն դեմքի վրա։
– Բոլո՞րը կտրել են։
- ↑ Ալաչուղ նշանակում է մի հյուսվածք, որ պատրաստվում է բարակ եղեգներից. նրանով են շինում թափառաշրջիկ ցեղերը իրանք տաղավարները։