Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալով, կարելի էր մի պտույտ գործել և անցնել կիրճի մյուս կողմը։ Շրջապատող մառախուղը հնար կտար այդ պտույտը բոլորովին աննկատելի կերպով կատարելու։ Անցնելով կիրճի մյուս կողմը, նա կվաստակեր երկու հաջողություններ. առաջինը, հայոց զինվորները ազատ կմնային կիրճի մեջ մտնելուց և թուրքերի գնդակակոծությանը ենթարկվելուց, երկրորդ, նա թշնամուն կթողներ իր ետևում, երկու կրակի մեջ,– իրա և Մելիք-Փարսադանի զորքերի մեջտեղում։

Նա կանչեց իր մոտ երևանցի մեկ ոտքից կաղ Օհանեսին, որ իր թիկնապահների թվումն էր գտնվում և հայտնի էր իր ճարպիկություններով։

– Տո, կաղ սատանա, մոտ եկ,– ասաց նրան, հարցնելով.– դու իմանո՞ւմ ես, եթե այդ ուղղությամբ առաջ գնալու լինենք, ո՞րտեղ կդուրս գանք։

Նա ձեռքով ցույց տվեց ուղղությունը։

– Իմանում եմ, ուղիղ կդուրս գանք կիրճի մյուս կողմը, առանց նրա մեջ մտնելու,– պատասխանեց կաղ թիկնապահը։– Բայց դրա համար պետք է ահագին պտույտ գործել։

– Իրավ է, բայց այդ ահագին պտույտը մեզ կազատե ժայռերի կուրծքը ճանկռտելուց և քարափների գլխից ցած գլորվելուց, որով շատ հեշտ կարելի է վիզը կոտրել։

– Կարելի է,– պատասխանեց կաղը, հավանություն տալով։

– Այդ էլ կարելի է, որ մենք անցնելով կիրճի մյուս կողմը՝ թշնամուն կբռնենք երկու կրակի մեջ։

– Կարելի է, եթե նրանք մեր շարժումը չնկատեն։

– Ուզում ես ասել, մեր առաջը կկտրեն, կաշխատեն մեր ընթացքը արգելել.– այդ ավելի լավ, մենք էլ հենց այդ ենք ցանկանում, որ նրանք ցած իջնեն իրանց բարձրություններից։ Բայց ես կարող եմ տասնևերկու առաքյալների և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետների անունով քեզ հավատացնել, որ նրանք չեն տեսնի մեր շարժումը։ Տեսնո՞ւմ ես մառախուղը, այժմ ավելի ու ավելի մռայլ գույն է ստանում։

Թիկնապահը նայեց իր շուրջը, և իրավ, սպիտակ մառախուղը այժմ սկսել էր մոխրագույն ամպերի կերպարանք ստանալ։

– Այդ բոլորը գիտե՞ս, թե ինչու համար քեզ հետ խոսեցի,– հառաջ տարավ իշխանը.– որ քեզ հասկացնեմ իմ դիտավորությունը։ Ես ահա այդ ուղղությամբ պետք է առաջ գնամ։ Իսկույն կվազես Մելիք-Փարսադանի մոտ, կհայտնես իմ միտքը։ Հասկացա՞ր։