– Հասկացա...– պատասխանեց կաղը և պատրաստվեցավ ճանապարհ ընկնելու։
– Դե՛, իմ քաջ, շուտով,– խրախուսեց նրան իշխանը.– դու քո կաղ ոտքով դարձյալ իմ թիկնապահների մեջ ամենից ավելի արագավազն ես։ Իմ կողմից կհայտնես մելիքին, որ իր տեղում անշարժ մնա, մի քանի ժամից հետո թշնամին իմ ու նրա մեջտեղում կլինի, այն ժամանակ պետք է խեղդել երկու կողմից։
Կաղ թիկնապահը սատանայի նման աներևութացավ։
Իշխանը իր ձեռքի տակ գտնված խումբից չորս հարյուր հոգի իր հետ վեր առնելով, դիմեց դեպի ընտրած ուղղությունը, իսկ հարյուր հոգի թողեց առաջվա տեղում, որ «զբաղեցնեն» թշնամուն, շարունակելով հրացանաձգությունը, որպեսզի կարծել տան, թե ամբողջ զորքը այնտեղ է գտնվում։
Իշխանի ընտրած ուղղությամբ, որպես կարծում էր նա, այնքան հեշտ չէր անցել։ Պետք էր իջնել ահագին վիհերի մեջ, հետո վեր բարձրանալ, կրկին իջնել, կրկին բարձրանալ, և այսպես սարսափելի ելևէջներով շարունակվում էր ճանապարհը, որտեղից վայրենի այծերը միայն կարող էին անցնել։
Անընդհատ անձրևները, սրընթաց հեղեղատները կտրատել էին լեռների կուրծքը և ամեն տեղ բաց էին արել խորին, ահռելի անդունդներ, որ ծածկված էին փշոտ թփերով և ճոխ մացառներով։ Խիտ պատուտակները հյուսել էին միմյանց հետ այդ հարուստ, վայրենի բուսականությունը, որի միջով օձերը միայն կարող էին սողալ։ Բայց հայ զինվորը, իր լեռների հարազատ որդին, անցնում էր այնտեղից։ Դժվարությունները ավելի գրգռում էին, ավելի բորբոքում էին նրա գորովն ու ոգևորությունը։ Հայրենասիրությունը, հայրենիքի ազատության գաղափարը նրա մեջ հասած էր վերին աստիճանի անձնազոհության։ Այսօր պետք էր տիրել մի բերդի, որ երկրի ամենանշանավոր ամրություններից մեկն էր, պետք էր կամ մեռնել, կամ տիրել,– այդ էր յուրաքանչյուրի ուխտը։
Մինչ Բայինդուր իշխանը իր խմբով դանդաղ, բայց եռանդոտ կերպով առաջ էր գնում, այդ միջոցին Մելիք-Փարսադանը լեռան մյուս կողմում բոլորովին այլ ձեռնարկության վրա էր մտածում։ Նրա տարիքը անցել էր վաթսունից։ Ծերունի զորապետի մազերը ճերմակել էին անընդհատ կռիվների և արյունահեղության մեջ։ Հոգով նա մի հմուտ և փորձված զինվոր էր, իսկ խելքով՝ երկրի լավ կառավարիչ։ Հալիձորը իր շրջակա գյուղորայքով պատկանում էր նրան։