– Նրանք այդ բլուրի ետևում են,– խոսակցության մեջ մտավ կաղ Օհանեսը, հանկարծ հայտնվելով, կարծես գետնից բուսավ նա։
– Ի՞նչ գիտես,– հարցրեց ծերունի զորապետը հետաքրքրությամբ։
– Մի ժամ առաջ ես նրանց բանակի մոտից անցա, այնքան մոտից, որ կարողացա բոլորը տեսնել։– Եվ նա սկսեց պատմել իր տեսածները, որից երևաց, թե թշնամին բավական բազմաթիվ է, թե նրանց հրացանները, թեև բանի պետք չեն, բայց ամենքն ունեն սրեր, որ ձեռնամերձ կռվի ժամանակ կարող են գործ ածել։ Մի քանի ուրիշ մանրամասնություններ ևս հաղորդելուց հետո, ավելացրեց նա.
– Երևում է, Բայինդուր իշխանը բավական հեռու է գնացել, և գուցե անցել է կիրճի մյուս կողմը։ Թշնամին, որպես ես նկատեցի հոտը առել է. պատրաստվում էին շարժվել դեպի այն կողմը։
– Բայինդուրից շատ խեր չեն տեսնի,– ասաց ծերունի զորապետը ժպտալով, և դարձավ դեպի Ավթանդիլ գնդապետը.
– Մերոնք բավական կազդուրվեցան, հիմա պետք է վրա տալ. սկզբում հրացանի բռնել, հետո սկսել ծակծկել... Ավթանդիլ գնդապետը Դավիթ թեկի հետ Վրաստանից եկած քաջերից մեկն էր, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ, որ հայտնի էր իր հանդուգն և անվեհեր անձնավստահությամբ։
– Պետք է սկսել...– կրկնեց նա ծերունի զորապետի վերջին խոսքը։– Մենք բավական ժամանակ կորցրինք։ Թեև արևը չէ երևում, բայց կեսօր է արդեն։ Մենք մինչև այժմ պետք է մաքրեինք ճանապարհը։ Շուտով կհասնեն Բեկի զորքերը, բայց մինչև նրանց հասնելը, այդ անպիտաններին պետք էր քշել ճանապարհից։ Այդ կարճ պատերազմական խորհրդից հետո, որ կատարվեցավ ոտքի վրա, ծերունի զորապետը հարկավոր պատվերները տրվեց գնդապետներին, և հայկական զորքը մի քանի խումբերի բաժանելով, սկսեցին գնալ։
Թեև ամպամած մթնոլորտի մեջ անկարելի էր նշմարել թշնամուն, բայց նրանք արդեն գիտեին, թե գլխավորապես որտեղ էր ամրացած նա։ Կաղ Օհանեսի հաղորդած տեղեկությունները բոլորովին ուղիղ էին։ Նա ճշտաթյամբ լրտեսել էր թշնամու բանակը։ Պետք էր անցնել մի բլուր, թշնամին նրա դժվարություններ կային, նրա գագաթի վրա կանգնած էին մի խումբ թուրքեր, որ մթին ստվերի նման