Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարված էին հորիզոնի վրա։ Երբ բոլորովին մոտեցան, ծերունի զորապետը ձայն տվեց։

– Կրակ...

– Կեցցե՛ Դավիթ Բեկ,– գոռացին հայ զինվորները և նույն վայրկենում հրացանները միանգամից որոտացին։ Թանձր ծուխը միախառնվեցավ մթին թուխպերի հետ և սոսկալի դղրդյունը շանթերի բոմբյունի նման կտրատվելով տարածվեցավ լեռների մեջ։

Հորիզոնի վրա նկարված ստվերը չքացավ։ Երևում էր, թուրքերի խումբը կամ ընկավ, կամ ցրվեցավ։

– Դրանք այդպես են,– ասաց հայ զինվորներից մեկը իր ընկերին.– երբ վրա տաս, կփախչեն, երբ հետ դառնան, գազան կդառնան։

Առաջին կրակից հետո կրկին տիրեց խուլ լռություն, միայն լսելի էր լինում սումբաների խշխշոցը, որոնցով դարձյալ լցնում էին հրացանները։ Եվ իրավ, բլուրի գագաթի վրա կանգնած թշնամու խումբը ցրվեցավ խիստ փոքր կորուստով. Նրանք պահակներ էին և ավելի ոչինչ։ Բայց գլխավոր ուժը գտնվում էր բլուրի մյուս կողմում։

Հայ զինվորները առանձին խումբերով, գազանների արագությամբ անցան նույն բլուրի գագաթի վրա, որտեղ առաջ կանգնած էին թշնամու պահակները։ Այդ դիրքին տիրելը մի մեծ հաջողություն էր, որ կատարվեցավ կես ժամվա մեջ։

Բլուրի գագաթը այնքան սրածայր չէր, որպես հեռվից երևում էր։ Այստեղից տարածվում էր մի հարթ տափարակ, որ պատած էր խոտով։ Տեղ-տեղ բուսել էին ողորմելի թուփեր, կամ կարելի էր տեսնել մի-մի վայրենի տանձենի։

Անձրևը դադարել էր. երկինքը փոքր առ փոքր պարզվում էր. ամպերի ետևից աղոտ կերպով տեսնվում էր արևի սքողված բոլորակը։

Օդի նսեմության միջից թշնամին նկատեց հայ զինվորների մոտենալը, և մի քանի զամբուրակներ արձակվեցան դեպի հայոց զորքը։

– Այդ անպիտանները թնդանոթներ էլ են ունեցել,– բացականչեց ծերունի զորապետը ուղիղ այն րոպեում, երբ ռումբերից մեկը ընկավ նրանից մի քայլ հեռու։– Տղերք, կրակ տվեցեք։

Այս անգամ ոչ բոլորը միասին, այլ յուրաքանչյուր խումբ փոփոխակի կերպով սկսեցին հրացաններ արձակել և միևնույն ժամանակ առաջ խաղալ։ Թշնամու կողմից հրացաններ շատ փոքր