Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվով էին արձակվում. նրանք պատասխանում էին զամբուրակներով, որ երեք հատից ավելի չպիտի լինեին։ Կռիվը այս կերպով շարունակվեցավ մի ամբողջ ժամ։

Այդ միջոցին Ավթանդիլ գնդապետը, մոտենալով ծերունի զորապետին, ասաց.

– Այդ երեխայական խաղից ոչինչ չի դուրս դա, հրամայեցեք վերջնական կերպով հարձակում գործեն։

– Այժմ վտանգավոր է․․․– պատասխանեց ծերունի զորապետը փոքր-ինչ վրդովված ձայնով։– Նայեցեք, թշնամու բանակները միացան։ Գնդապետը նայեց դեպի այն կողմը, որ ցույց տվեց ծերունի զորապետը։ Նա տեսավ, իրավ, թշնամու մյուս զորաբաժինը, որ գտնվում էր կիրճի աջ կողմում, (այսինքն այն կողմում, որտեղից պետք է անցներ Բայինդուր իշխանը), թողնելով իր դիրքը, եկավ, միացավ առաջինների հետ։

– Պատրաստ եմ երդվել, որ Բայինդուրը այդ հիմարներին մոլորության մեջ է ձգել,– խոսեց Ավթանդիլ գնդապետը ուրախությամբ ծափ տալով։– Դուք ինչպե՞ս եք կարծում, մելիք։

– Շուտով կհայտնվի,– պատասխանեց ծերունի գորապետը։– Բայինդուրը գործի մեջ զանցառություն չէ սիրում, նա ինքը տեղեկություն կտա մեզ։ Բայց մինչև տեղեկություն ստանալը պետք է այդ բլուրը, որ մենք ձեռք բերեցինք, պահպանել։

Մինչ հայ զորապետները այսպիսի անորոշ կարծիքների մեջ էին, թշնամու բանակները միմյանց հետ միանալով, ավելի և ավելի ստվարացան։ Եվ նրանք, որ մինչև այժմ պաշտպանողական դիրք էին բռնած, սկսեցին հարձակողական կերպարանք ընդունել։

«Յա՛ Ալի․․․»– գռռացին հազարավոր ձայներ և լեռները թնդացրին վայրենի աղաղակներով։

Այդ սրբազան անունը լցնում է մահմեդականի սիրտը կատաղի ոգևորությամբ, այդ անվան հետ կապված է նրա բոլոր կրոնական զգացմունքը, այդ անունը արտասանելիս նա մոռանում է ամեն ինչ՝ թե իր անձը, թե իր կյանքը, և խավար մոլեռանդությամբ պատրաստ է բոլորը զոհել նրա սիրո համար։ «Յա՛ Ալի...»– կրկնվեցան աղաղակները և սոսկալի փոթորկի նման բոլորը միասին հարձակում գործեցին։

«Կեցցե Դավիթ Բեկ»,– գռռացին հայոց քաջերը և պատասխանեցին թշնամուն հրացանների կրակով։

Գետինը ծածկվեցավ դիակներով։ Բայց թշնամին դրանից