Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ռայա՜... ռայա՜...

Այսինքն անձնատուր ենք լինում կամ հպատակում ենք։

Բայինդուր իշխանը և նրա հետ շատերը այն կարծիքը հայտնեցին, թե պետք է բոլորին կոտորել, բայց ծերունի զորապետը ընդդիմացավ, հրամայելով, միայն զինաթափ անել և գերի վերցնել։ Թշնամու անասունները, սայլակները և ահագին քանակությամբ ռազմամթերք ընկան հայերի ձեռքը։ Այդ ճակատամարտի մեջ հայերը կորցրին մոտ 300 հոգի, բայց թշնամուց սպանվածների թիվը 2,000–ից ավել կլիներ, չհաշվելով վիրավորներին, որ համեմատաբար խիստ շատ էին։

Այդ բոլոր ղալմաղալի մեջ,– ասաց Բայինդուր իշխանը մոտենալով ծերունի զորապետին,– մի ուրախալի բան կա միայն, որ մենք ձեռք ձգեցինք թշնամու թնդանոթները, որ մենք չունեինք։

– Այդ ուղիղ է, բերդը պաշարելու ժամանակ հարկավոր կլինեն մեզ,– պատասխանեց ծերունի զորապետը իր սովորական բարի ժպիտով։– Ես կարծում եմ, որ Բեկն էլ շատ գոհ կլինի դրանով. նա սիրում է թշնամու զենքերը խլել, հետո իր դեմ գործ դնել։

– Բայց ո՞րտեղ մնաց այդ Բեկը, չէ երևում,– հարցրեց Բայինդուր իշխանը իր շուրջը նայելով, կարծես Բեկը նրանց հետ լիներ։

Դեռ ծերունի զորապետը չպատասխանած, հայտնվեցավ մի սուրհանդակ, որը հաղորդեց, թե Բեկը Թորոս իշխանի հետ և իրանց մոտ ունեցած զորքերով մտան կիրճի մեջ, այնտեղից անցնում են դեպի բերդը գնալու համար։ Սա ավելացրեց, որ Բեկին արդեն հայտնի էր կատարված հաղթությունը, և այդ պատճառով նա աներկյուղ կերպով մտավ կիրճի մեջ, գիտեր, որ ճանապարհը թշնամիներից մաքրված է։

– Իսկ Մխիթար սպարապետից լուր չունե՞ք,– հարցրեց սուրհանդակից ծերունի զորապետը։

– Ունեմ, նա էլ մի գեղեցիկ հաղթությունով դուրս է եկել Կարա-բուրունի անցքից, որ բռնած էր թշնամիներով։ Այժմ բերդին հասած կլինի սպարապետը։

– Իսկ մենք ի՞նչ սպասելիք ունենք,– ասաց Բայինդուր իշխանը, որ հրաման տվեց ճանապարհ ընկնելու։

Գերիների թևքերը կապեցին չվաններով, նրանցից խլած ռազմամթերքը բարձեցին նրանց սայլակների վրա, նույն սայլակների վրա տեղավորեցին և հայ փոքրավորներին, հետո ճանապարհ ընկան։