ԺԵ
Անձրևային մառախլապատ օրին հաջորդեց պարզ, աստղազարդ գիշեր։
Զեվու[1] բերդը պաշարված էր հայոց զորքերով։ Պարսից զորքերը ամեն կետերի վրա հաղթվելով, մի մասը ջարդված էր, մի մասը գերի էր ընկած, իսկ մնացածները փախել, պատսպարվել էին բերդի մեջ։ Դեպի բերդը տանող բոլոր կամուրջները պարսիկները քանդել էին։ Հաղորդակցությունը դրսի հետ կտրված էր։
Զեվու բերդը գտնվում էր Հալիձորի գետի ձախ ափի վրա, հին Բաղաբերդից մեկ մղոն հեռավորությամբ դեպի հարավ։ Սյունյաց աշխարհի շատ բերդերի նման, նա շինված էր մի այնպիսի տեղում, ուր երկու գետեր խառնվելով միմյանց, կազմում են մի սուր եռանկյունի։ Մի այսպիսի եռանկյունու մեջ գտնվում էր բերդը։ Հարավային կողմից գալիս էր Հալիձորի գետը, իսկ արևմտյան ողմից Գեղվա գետը կտրելով նրան, կազմում էր եռանկյունին։ Նա Ղափանի մյուս բերդերի նման բոլորովին բարձրավանդակի վրա չէր գտնվում, այլ նեղ ձորի մեջ, սեղմված հիշյալ երկու գետերի գրկում։ Մի կողմից միայն բարձրանում էր դեպի արևմտյան կողմի բլուրը, ուր կանգնած էր անմատչելի միջնաբերդը։
Բերդը պատած էր հաստ պարսպով, որը շուրջանակի ամրացրած էր բրգաձև աշտարակներով։ Պարսպի շուրջը տարածվում էր մի երկրորդ ամրություն դա էր ածովի հողից կազմված թանձր թումբը, որը իր փափուկ կողքերի մեջ այնպես էր ընդունում թնդանոթների ռումբերը, որպես փետուրյա բարձը ընդունում է իր մեջ գնդասեղի ծայրը, առանց ցավ զգալու։ Դա մի ամուր
- ↑ Զեվու կոչվում է և Զեյվա․ այդ բերդը չպետք է շփոթել այն Զեյվա ամրոցի հետ, որ գտնվում է Ղարաբաղի Գյուլիստան կոչված մահալում, Ղարաչինար կամ Աղջա-Ղալա գյուղի մոտ և ոչ շփոթելու է Բարգյուշատի վիճակի Մուղանջիկ կոչված մասի Զեյվայի հետ։ Մեր նկարագրած Զեվուն հայտնի է Սյունյաց պատմության մեջ ԴԵղի անունով, որը Բաղաց իշխանների բերդն էր, գտնվում է Ղափանի մեջ։