– Ի՞նչ է պատահել,– հարցրեց շփոթված Ասադը, ամենևին չհասկանալով իր լսածը։
– Եկ, տես, թե ի՞նչ է պատահել, քավթառ, մեռելի նման քնում ես ու ոչինչ բանից տեղեկություն չունես։– Վերջին խոսքերից հետո աղախինը համարյա ուժով բռնեց նրա ձեռքից և քարշ տվեց դեպի տիկնոջ սենյակը։
Բայց ներքինին, ցույց տալու համար, թե ինքն էլ մի բանից տեղեկություն ունի, մտաբերեց աղախնի խոսքերից մեկը միայն՝ «խեղդվում է», և հարցրեց․
– Դու ասացիր խեղդվում է, ո՞վ է խեղդվում։
– Երեխան, հիմար, դու չե՞ս իմանում, քանի օր է, որ նա հիվանդ է, կոկորդը ուռչել է, հիմա ցավը սաստկացել է, խեղդվում է։
– Տիկնոջ հետ ի՞նչ է պատահել։
– Ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ է պատահել, տիկինը իր սենյակում ընկած է։
Ներքինին այժմ բավական բան հասկացավ և աղախնի հետ շտապեց դեպի տիկնոջ սենյակը։
Բարեբախտաբար թե՛ աղախնի և թե՛ ներքինու բարձրացրած աղաղակները արձակվեցան միևնույն րոպեում, երբ բերդից սկսեցին պատասխանել թշնամու թնդանոթներին։ Դրանց ձայնը խլացավ հրանոթների ընդհանուր դղրդումների մեջ։ Կանանոցում ոչ ոք չիմացավ պատահած աղմուկը, և ոչ ներքինապետը, որը իր դիտանոցի բարձրությունից ամեն մի շարժում, ամեն մի շշնջյուն լրտեսում էր։
Լսեց միայն մեկը, որ ավելի պատճառ ուներ չլսելու, լսեց նա, որ ուշաթափ, գետնատարած, ընկած էր իր սենյակի հատակի վրա։ Հենց որ դժբախտ մոր ականջին դիպավ «խեղդվում է» բառը, նա մի մոգական հարվածքով ցնցվեցավ, աչքերը բաց արավ, սկսեց շփոթված կերպով նայել իր շուրջը։ «Օգնեցեք» բառը բոլորովին արթնացրեց նրան։ Նա իսկույն վեր թռավ և վազեց աղախնի սենյակը։ Այստեղ ճրագ չկար։ Երկար նա խավարի մեջ խարխափելով, որոնում էր զավակի անկողինը, մինչև աղախինը և ներքինին ճրագով ներս մտան։
Երեխան դեռ լաց էր լինում, կոկորդի խռխռոցը իսպառ վերջացած չէր. հետո սկսեց թքել արյուն, շարավի հետ խառն։ Երևում էր, որ աղախնի մատների սաստիկ ճնշելուց, կոկորդի ուռուցքը պայթել էր և այժմ դուրս էր ժայթքում այնտեղ