Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերդը[1]։ Այդ երկու բերդերը, որպես երկու վիթխարի պահակներ, կանգնած նեղ ձորի աջ և ձախ կողմերում, լեռնեցի բարձրությունից մահ էին սպառնում հանդուգն թշնամուն, եթե կհամարձակվեր այնտեղից անցնել։ Բայց այդ երկու բերդերի սոսկալի ավերակներն էին միայն մնացել։ Զանազան վասակները, Սահակը, Բաբկենը, հսկա Գդիհոնը, Գրիգոր «քաջաց նվիրակ» կոչվածը,– որոնք մի ժամանակ նրանց միջից կրակ էին թափում պարսիկների, մոնղոլների, արաբների վրա,– Բաղաց թագավորության այդ հերոսները այժմ չկային...

Հիշյալ երկու բերդերի միջով անցնելով, նա մտավ Բաղաբերդ ցաղացի ավերակների մեջ։ Դա Բաղաց թագավորների մայրաքաղաքն էր։ Բնությունը հազիվ երբեք հրաշակերտել է մի այսպիսի ամրություն մարդկանց ապահովության համար։ Այդ ահռելի քաղաքը նմանում էր մի վիթխարի քարեղեն սնդուկի, որի մեջ կողքերի փոխարեն ծառայում են ահագին պարսպաձև լեռները։ Բայց ի՞նչ էր մնացել այնտեղ։ Թագավորների, իշխանների խորտակված պալատները, հոյակապ եկեղեցիները, ամրոցների կիսավեր աշտարակները, բոլորը, ինչ որ հիշեցնում էր հին փառքը և մեծությունը,– ծածկված էին խուլ, մթին անտառի տակ։ Տաճարների միջից բուսել էին ահագին կաղնիներ, վեհապետների արքունիքի փշրանքները, խառնվելով քարափների կուրծքից պոկված, ցած գլորված ժայռերի հետ, ներկայացնում էին մի սարսափելի զանգված։

Քարեղեն սնդուկը, որի մեջ անմատչելի կերպով պահվում էր Բաղակի հռչակավոր քաղաքը, այժմ ներկայացնում էր մի տխուր, քարեղեն դագաղ, որի մեջ վաղուց արդեն թաղված էր Սյունյաց աշխարհի մեռած մայրաքաղաքը...

Դավիթ Բեկին հիացնում էր հին հայերի պատերազմական և ռազմագիտական հանճարը։ Նա զարմանում էր, տեսնելով, թե ո՛ր աստիճան նրանք օգուտ քաղել գիտեին իրանց աշխարհի բնական ամրություններից։ Ուր որ բնությունը մի բան թերի էր թողել, նրանք լրացնում էին արհեստական ամրություններով։ Բայց ի՜նչ էր պատճառը, որ նույնիսկ ամրությունները նրանց գերեզմանը դարձան։– Ահա այդ հանելուկի վրա էր մտածում նա։

Բաղաբերդը[2] իսկապես գրած էր մի քարեղեն սնդուկի մեջ, ահագին լեռներից և ապառաժներից կազմված սնդուկի մեջ։ Երկու

  1. Այդ բերդը այժմ կոչվում է Ղըր-Ղալա։
  2. Բաղաբերդը հիմնել է Բաղակ իշխանը, որը Սիսակի տոհմերից էր։