նրանով ստիպեցնե իր տիկնոջը անմիջապես կոչել տալ Սառային որպես բժիշկ։ Պատմեց Փարիշանի միայնակ գալը Սառայի տունը և նրան իր հետ տանելը խանի ամրոցը։
– Դուք այստե՜ղ էիք, երբ Փարիշանը եկավ,– կտրեց իշխանը Խորեն հայր սուրբի պատմությունը։
– Այստեղ էի, ես որոշեցի թե Սառայի և թե Փարիշանի դերերը, թե յուրաքանչյուրը ինչպես պիտի գործե։
– Ինչպե՞ս պիտի գործեն,– հարցրեց իշխանը։
– Փարիշանը կկատարե այն, ինչ որ մենք մեր մեջ վճռեցինք... Իսկ Սառան կբերե ինձ զենքի պահեստի բանալիները։
– Նրանք գիտե՞ն մեր պայմանները։
– Գիտեն։ Գործողությունները կկատարվեն ճիշտ այն րոպեում, երբ կտեսնեն բերդից օդի մեջ բարձրացած ֆշանքը։
– Շատ գեղեցիկ,– ասաց իշխանը և միևնույն ժամանակ նրա սառն դեմքի վրա երևաց մի տեսակ ինքնաբավական ցնծություն։– Մենք էլ այսպես իմացում տվեցինք Բեկին,– ասաց նա, վեր կենալով տեղից։
– Ի՞նչ միջոցով,– հարցրեց հայր սուրբը զարմանալով։
– Տեր Ավետիքը տոմսակ գրեց։
– Տոմսա՞կ, ո՞վ տարավ։
– Մի երիտասարդ, ականի միջով։
– Ականը արդեն պատրա՞ստ է։
– Պատրաստ է։ Ավելի քան հիսուն հոգի աշխատում էին նրա վրա։
Իշխանը ավելի պինդ կերպով փաթաթվելով իր վերարկուի մեջ, ահագին մորթե գտակը քարշեց աչքերի վրա, և իր քայլերը ուղղեց դեպի բակի դուռը։
— Մենք այլևս չե՞նք տեսնվի,— հարցրեց հայր սուրբը նրան ճանապարհ դնելու ժամանակ։
– Տեսնվելու հարկ չկա,– պատասխանեց նա շտապելով.– մեզանից ամեն մեկը գիտե, թե ինչ պիտի անե։ Ես այժմ գնում եմ տեր Ավետիքի մոտ՝ հաղորդելու նրան ձեզանից ստացած տեղեկությունները, իսկ դուք կսպասեք այստեղ մինչև Սառայի վերադարձը։
– Տեր Ավետիքը այժմ ո՞րտեղ է։
– Ցուզբաշի Սարգսի տանը, այնտեղ մարդիկ է պատրաստտում...
Ցուզբաշի Սարգիսը բերդի մեջ բնակվող հայերի տանուտերն էր։