– Շատ լավ,– համաձայնվում է Փարիշանը և սկսում է մատը մի առ մի դնել բանալիների վրա, ասելով.– ահա այդ մեծ դռան բանալին է, այդ փոքր դռան բանալին է, այդ միջին դռան բանալին է, այդ դրսի դռան բանալին է, և մյուսներն էլ այդ կարգով։
– Ես տարա, ես տարա,– բացականչում է Ասկար ամին, ուրախությունից վեր–վեր թռչելով։– Ոչ մեկը չկարողացար գիտենալ։
– Ինչպե՞ս չկարողացա,– պատասխանում է Փարիշանը չկոտրվելով.– ապա դու իմ սխալները ցույց տուր, տեսնեմ։
– Այս րոպեիս ցույց կտամ,– ասում է Ասկար ամին և սկսում է մի առ մի ցույց տալ, թե որ բանալին որ դռանն է պատկանում, մինչև հասնում է երկու բանալիի։– Դրանցից մեկը, ասում է, զենքերի պահեստի բանալին է, իսկ մյուսը՝ նրա բակի դռան բանալին է։
Փարիշանը մտքումը նշանակում է այդ երկու բանալիները, իսկ ծերունին շարունակում է մնացածները ցույց տալ։
– Հիմա տեսա՞ր, որ տարված ես,– ասում է ծերունին դառնալով դեպի Փարիշանը.– հիմա տուր տարած գրազս։
– Ինչ տամ, իհարկե, դու կարող ես գիտենալ, իսկ ես չեմ կարող,– ասում է Փարիշանը, նրան ավելի գրգռելով։– Քո բանալիներն են, քո ձեռքումն են մաշվել, ես ո՞րտեղից պիտի գիտենամ։
– Դե, լավ է, անաստված, մի տանջիր ինձ,– ասում է Ասկար ամին աղաչելով.– «խո տարել եմ, էլ ի՞նչ խոսք ունես։ Թե ուզում ես, այն տասը ոսկին էլ կտամ, որ խոստացա։
– Լավ, տուր,– ասում է Փարիշանը, ոչ թե ոսկիները ստանալու ցանկությունով, այլ որ մի առիթ գտնե նրան սենյակից հեռացնելու, որովհետև գիտեր, որ ոսկիները իր սանդուխանայում[1] պահած ունի։
Ծերունու ընդունարանից մի այլ դուռ բացվում էր դեպի փոքրիկ սանդուխանան. նա մտնում է այնտեղ ոսկիները բերելու համար: Փարիշանը այդ միջոցին, օգուտ քաղելով նրա բացակայությունից, վեր է առնում նշանակած բանալիները և թաքցնում է իր գրպանում։ Երբ հայտնվում է ծերունին, ոսկիները բռնած ձեռքում, Փարիշանը ասում է նրան․
- ↑ Սանդուխանա նշանակում է պահեստի տեղ, ուր առհասարակ պահում են սնդուկներ, թանկագին իրեղեններ