Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի

Միևնույն գիշերում, երբ Զեվու բերդը պաշարված էր, երբ մոլլաների գլխավորը մեչիտի ամբիոնից բողոքում էր մահմեդականների կատաղի վրեժխնդրությունը քրիստոնյաների դեմ, երբ Դավիթ Բեկի մարդիկը բերդի մեջ զանազան գաղտնի որոգայթներ էին լարում, երբ խանը վեզիրի հետ ունեցած աղետավոր խորհրդից հետո, դիվանատան փառավոր դահլիճում նստած, տալիս էր իր ավագանիին իր սարսափելի հրամանը,– միևնույն գիշերում, երբ կանանոցի բոլոր սենյակների ճրագները հանգած էին, մի սենյակում, միայն լույս էր երևում։ Դա մեզ ծանոթ Փարիշանի տիկնոջ՝ Զուբեյիդա խանումի սենյակն էր։

Այդ սենյակը, որ մի քանի ժամ առաջ կատարյալ անկարգության մեջ էր գտնվում, այժմ ներկայացնում էր կարգ, շքեղություն և նրբության հասցրած վայելչություն։ Վարդագույն թավշով պատած, ոսկեթել փունջերով գարդարած մութաքաները իրանց պատշաճավոր տեղումն էին։ Նախշուն գորգերի երեսի վրա սփռված էին ավելի փափուկ օթոցներ քիշմիրի ամենաթանկագին շալերից։ Մի կողմում պատրաստած էր գեղեցիկ անկողին, որ բուրում էր ամենաքնքուշ անուշահոտություններով։

Արծաթյա մատուցարանների վրա դրած էին չինեական հիանալի շիշեր, լցրած զանազան տեսակ շերբեթներով, իսկ նրանց մոտ շարված էին նույնպես արծաթյա մեծ–մեծ գավաթներ, նկարված գեղեցիկ քանդակներով։ Մի կողմում դրած էր թանկագին ղեյլանը, որի գլուխը զարդարած էր ֆերուզայի քարերով։ Բուխարու մեջ, մեղմությամբ վառվող կրակի վրա, եփ էր գալիս անուշահոտ սուրճը։

Դեպի որ կողմ և նայում էիր, աչքի էր զարկում շքեղություն, փափկություն, զարդարանք, մինը մյուսից ավելի գեղեցիկ։ Իսկ այդ բոլոր վայելչությունների մեջ միայն սենյակի թագահին ներկայացնում էր մի տխուր, գունաթափ հակապատկեր։ Նա նստած