Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա սկսեց փետուրը թաթախել ինչ–որ հեղուկի մեջ և նրանով վարպետությամբ ներկել տիկնոջ հոնքերը, որ առանց դրան ևս սև գույն ունեին։ Միայն հարկավոր էր նրանց աղեղի ձև տալ, ծայրերը փոքր–ինչ երկարացնել, իսկ մեջտեղում հոնքերի երկու կամարները միմյանց հետ միացնել։

Այդ գործողությունը կատարելու միջոցին հանկարծ լսելի եղավ թնդանոթների բոմբյունը։ Ամբողջ ամրոցը սարսափելով դղրդաց։ Սոսկաց և տիկինը։ Սոսկումից նրա գլուխը դողդողաց, և փետուրյա վրձինը շեղվելով իր ուղղությունից, ձգեց նրա մարմարիոնի նման սպիտակ ճակատի վրա մի անկանոն սև գիծ։

– Ու՜ֆ, հոգիս դուրս գար, այդ ի՜նչ եղավ,– գոչեց աղախինը ինքն ևս սոսկալով, երբ նկատեց, որ իր բոլոր աշխատությունները տիկնոջ հոնքերը գեղեցկացնելու վերաբերությամբ ապարդյուն եղան։– Բայց ես մեղավոր չեմ, տիկին, եթե դուք թնդանոթների ձայնից չվախենայիք և ձեր գլուխը ուղիղ պահեիք, իմ ձեռքը երբեք չէր սխալվի։ Վնաս չունի, ես իսկույն կսրբեմ այդ անկանոն գիծը, նրա հետքն անգամ չի մնա։ Բայց դուք աշխատեցեք չվախենալ և ձեր գլուխը չդողդողացնել, երբ մյուս անգամ կլսեք թնդանոթների որոտը։

– Ես կաշխատեմ...– պատասխանեց տիկինը վշտալի ձայնով։– Ես որոտից ու կայծակից անգամ սոսկալու իրավունք չունեմ, երբ ինձ զարդարում են իմ իշխանի զվարճության համար։ Ես զգացմունքից զուրկ մի առարկա եմ։ Աշխարհի կործանման րոպեում անգամ, երբ իմ տերը ցանկանում է ինձանով ուրախանալ, ես պիտի խեղդեմ իմ սրտում իմ բոլոր զարհուրանքը և պիտի պատրաստվեմ նրան ուրախացնելու... Այդպես է մեր վիճակը, Փարիշան։ Նայիր, այնտեղ, մեզանից փոքր–ինչ հեռու, արյուն և արտասուք է հոսում։ Մայրերը գրկած իրանց զավակներին, աղաչում են, որ իրանց սպանեն և խնայեն որդուն։ Այնտեղ թշնամու սուրը մահ է տարածում, իսկ այստեղ ի՞նչ է կատարվում...

– Այստեղ բռնակալի գազանային կրքերի համար մի զոհ է պատրաստվում...– պատասխանեց աղախինը, չկարողանալով զսպել իր բարկությունը։

Աղախինը ջրով թրջեց մի սպիտակ շորի կտոր և զգուշությամբ սկսեց սրբել անկանոն սև գիծը նրա ճակատից։ Հոնքերի ներկելը ավարտվեցավ, մնում էին աչքերը։

Նա փղոսկրյա բարակ դեղտիրը թաթախեց մի փոքրիկ պարկի մեջ, որ շինված էր հավի ոտքի կաշուց։ Դրա մեջ ածած էր սուրմայի