– Ուր են ձեր գոհարեղենները,– հարցրեց նա, երբ նկատեց, որ գոհարեղենների արկղիկը իր տեղումը չէր։
– Ես նրան կոտրեցի, մի՞թե դու չտեսար,– հարցրեց տիկինը։
– Տեսա, հիմա ո՞րտեղ են։
– Ածել եմ այն մեծ սնդուկի մեջ, որ դրած է այն պատուհանում։
Աղախինը բաց արեց ցույց տված սնդուկը, դուրս բերեց ինչ որ պետք էր տիկնոջ պաճուճանքի համար։ Այնտեղ կային ոսկյա ծանր ապարանջաններ, կային ոսկյա մատանիներ թանկագին ակներով, կային զանազան տեսակ մեծ և փոքրիկ քորոցներ ալմաստյա և մարգարտյա գլխիկներով, կային թևքերի վրա կապելու բազբանդներ,– բոլորը իրանց պատշաճավոր տեղերը բռնեցին նրա մարմնի վրա։
Երբ ամեն ինչ վերջացած էր, տիկինը հեռացավ հայելու առջևից, նստեց մի փոքրիկ թախտի վրա, բոլորովին հոգնած, ջարդված, կարծես թե վաստակած և նվաղած լիներ մի ծանր աշխատությունից։ Այդ միջոցին Փարիշանը վեր առեց վարդաջրի սրվակը, սկսեց անուշահոտ հեղուկով ցողել սենյակի շուրջը։
Մինչ այստեղ զբաղված էին փառավոր պատրաստություններով, կանանոցի բակը ներս մտան երկու հոգի։ Մեկը առջևից տանում էր գույնզգույն լապտեր, մյուսը գալիս էր նրա ետևից։ Վերջինը խանն էր, իսկ լապտերը բռնողը՝ ներքինապետը, որին կոչում էին Կզլար–աղասի, այսինքն աղջիկների վրա իշխող։ Դա մի բարձրահասակ արաբ էր, վայրենի դեմքով և հսկայական կազմվածքով։ Գլխի և երեսի սպիտակ մազերը սև կաշու վրա ավելի սարսափելի էին դարձնում նրա կերպարանքը։ Գոտիից քարշ էր գալիս նրա ծանր սուրը։
– Ինչպե՞ս են ձեզ մոտ,– հարցրեց խանը։
– Ձեր մեծության շնորհիվ բոլորը լավ են, ապրում են հանգիստ իրանց օթյակներում, այնպես անմերձենալի, այնպես փակված, որպես հավի ճուտը ձվի կեղևի մեջ,– ասաց Կզլար–աղասին, ինքն էլ զարմանալով իր տգեղ համեմատության վրա։– Միայն դրսի խռովությունները փոքր–ինչ վախեցնում են իմ գառնուկներին։
– Այդ ոչինչ, էգուց առավոտյան բոլորին վերջ կդրվի,– պատասխանեց խանը։– Միայն դուք այս գիշեր փոքր–ինչ զգաստ եղեք մինչև լուսանալը։