Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Դու տուն ունես, բայց ընտանիք չունես,– պատասխանեց տիկինը խստությամբ։ – Ընտանիքից ևս իզուր է քեզ մխիթարություն սպասել։

– Ե՞ս, ընտանիք չունե՞մ,– բացականչեց նա գժվածի նման։– Ո՞վ ունի այնքան կնիկներ, որքան ես, ո՞վ ունի այնքան զավակներ, որքան ես։ Մի գիշերվա մեջ յոթը որդիներ ծնվեցան ինձ համար։

– Ոչխարների հոտի մեջ մի գիշերում երբեմն ծնվում է հարյուրը, բայց հոտը ընտանիք չէ կազմում։– Լսի՛ր, խան, առաջ տարավ նա իր խոսքը.– ես սկզբից քեզանից խոստմունք առեցի, որ չպիտի բարկանաս ինձ վրա, երբ իմ բերանից կլսես քեզ անսովոր, կծու խոսքեր։

– Ես չեմ բարկանա։

– Ուրեմն կշարունակեմ։ Ես ասացի, որ դու ընտանիք ևս չունես, որ դու զուրկ ես և ընտանեկան մխիթարությունից,– այդ խոսքը քեզ զարմացնում է, քեզ օտարոտի է թվում։ Դու մտածում ես, ինչպե՞ս կարող է մի մարդ զուրկ լինել ընտանիքից, որը հարյուրավոր կնիկներ ունի, որբ բազմաթիվ զավակների հայր է։ Այդ բավական չէ։ Ընտանիքի հիմքը սերն է: Կա՞ արդյոք սեր քո ընտանիքի մեջ։– Անկարելի է, որ լինի։ Եթե քո կնիկները սեր են ցույց տալիս, այդ նրա համար է, որ կամ վախենում են քեզանից, կամ շողոքորթում են ավելի ընծաներ ստանալու համար։ Մի՞թե դա միևնույն կեղծ հարաբերությունը չէ, որ դու ունես քո ծառաների, պաշտոնակալների ու հպատակների հետ, որոնք նույնպես խոնարհվում էին քեզ, շահերի կամ երկյուղի պատճառով։ Ոչինչ զանազանություն չկա։ Եթե դու քննելու լինես քո կնիկների ամեն մեկի սիրտը, փոխանակ սիրո, կգնտես նրանց մեջ խորին, դառն ատելություն դեպի քեզ։– Ինչո՞ւ։– Որովհետև նրանցից և ոչ մեկը իր հոժարությամբ չէ կապվել քեզ հետ, կամ գերի է բերվել, կամ իբրև ընծա է ստացվել, կամ փողով է գնվել։ Եվ դու պահանջում ես դրանցից ճշմարիտ սեր, կարեկցություն, ցավակցություն, հավատարմություն և այն բոլոր գեղեցիկ հատկությունները, որ կարող է ունենալ լավ կինը։ Դու իրավունք չունես պահանջելու, քանի որ դու ինքդ չես սիրում նրանց։

– Ե՞ս, չե՞մ սիրում,– գոչեց դժբախտ ամուսինը վրդովվելով։– Ի՞նչ որ ուզում ես, ասա՛, Զուբեյիդա, այդ հանդիմանությունը գոնե մի անիր ինձ։ Ես սիրող սիրտ ունեմ։

– Քեզ այդպես թվում է միայն, որովհետև դեռ չես հասկացել